Բաժիններ՝

Ռիսկի ուժը

«Կառավարությունը կաջակցի տնտեսության 11 ճյուղերի, որոնք զարգացման առավել մեծ պոտենցիալ ունեն: Ցավոք` առկա են ստվերային երեւույթներ, գերիշխող դիրքի դրսեւորումներ, որոնք կարող են վտանգել կառավարության ծրագրի կատարումը»,- երեկ ասել է ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Պարզ է, որ Գ. Մինասյանը փորձել է կառավարությանն ի սկզբանե ապահովագրել հնարավոր ձախողումից։ Սակայն գործոնները, որոնք նա նշել է, մեղմ ասած, անհասկանալի են։ Իհարկե, ցանկացած ծրագիր ունի ռիսկեր, այդ թվում` նաեւ կառավարության գործունեության ծրագիրը։ Ծրագրում, ի դեպ, դրանք առանձին նշված են։ Խոսք է գնում միայն արտաքին ռիսկերի մասին, որոնք կառավարության գործունեությունից կախված չեն եւ կարող են ազդել տնտեսական վիճակի վրա։ Սակայն ստվերային երեւույթները, գերիշխող դիրքի չարաշահումները անկանխատեսելի ու արտաքին ռիսկեր չեն։ Դրանք խնդիրներ են, որոնց լուծմանն ուղղված է, ավելի ճիշտ` պետք է ուղղված լինի կառավարության ծրագիրը։ Եթե ստվերային տնտեսության հարցը չի լուծվում, եթե գերիշխող դիրք ունեցողները շարունակում են չարաշահել իրենց դիրքը, ապա դա ոչ թե ռիսկ է, այլ վկայություն, որ կառավարությունը չի կարողանում լուծել այդ խնդիրները։ Ավելի պարզ ասած՝ ձախողում է ծրագիրը։ Կենցաղային օրինակ բերենք, որպեսզի պրն Մինասյանի ասածն ավելի հասկանալի լինի։ Ենթադրենք` ես խոհարար եմ աշխատում ռեստորանում, եւ ինձանից պահանջում են պատրաստել բուտերբրոդներ։ Բնականաբար, պահանջում են, որ համեղ լինի, աղի չլինի եւ անալի չլինի, կծուն շատ չլինի, հացը վառված չլինի եւ այլն։ Ես էլ պատասխանում եմ՝ խնդիր չկա, կպատրաստեմ, սակայն աղը կարող է քիչ լինել, բիբարը կարող է շատ կծու լինել, կրակը կարող է շատ ուժեղ լինել, ինչը կարող է վտանգել բուտերբրոդի համեղությունը։ Եթե ես նման բան ասեմ՝ ռեստորանի տերն ինձ անմիջապես աշխատանքից կազատի, քանի որ իմ ֆունկցիաների մեջ է մտնում ստուգել վառարանի կրակը չափը, կամ բիբարի` կծու լինելը։ Այլ հարց է, որ ռեստորանի տիրոջ չարաճճի տղան ազատ ելումուտ ունենա խոհանոցում, գա ու գաղտագողի ուժեղացնի վառարանի կրակը։ Դա արտաքին ու անկանխատեսելի ռիսկ է, որը կարող է արդարացման հիմք լինել։ Սակայն Գ. Մինասյանի ասածը բոլորովին այլ բան է։ Դա, որքան էլ զարմանալի հնչի, կարելի է հասկանալ այսպես՝ եթե կառավարությունը ծրագիրը ձախողի, ուրեմն՝ ծրագիրը կձախողվի։ Շատ օրիգինալ մոտեցում է։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս