Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կոչվում է նաև արմատ հավատո: Լուսավորիչ է ասվում նրա համար, որ մարդկանց հեթանոսության խավարից բերեց ճշմարիտ լույսի: Նաև Գրիգոր Լուսավորչի գերեզմանի մոտ շատ կույրեր բժշկվում էին և լուսավորվում: Արմատ հավատո է կոչվում Լուսավորիչը, որովհետև մարդկանց փոխանցեց աստվածային շնորհները: Ինչպես որ ծառի արմատը սկզբում է և օգտակարն իր միջով փոխանցում է ճյուղերին ու տերևներին, ճիշտ այդպես էլ Գրիգոր Լուսավորիչը աստվածային շնորհները փոխանցեց հայ ժողովրդին:
Յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում հոգու պահանջ է և անհրաժեշտություն եկեղեցի այցելելն ու պարբերաբար մասնակից լինելը եկեղեցական արարողություններին: Աստծո տունն աղոթքի տուն է, որտեղ մենք, հանդիպելով Աստծուն, վայելում ենք Նրա ներկայությունը: Եկեղեցի հաճախող յուրաքանչյուր մեկը պետք է փորձի ծանոթանալ և կատարել այն կանոնները, որ վերաբերում են եկեղեցի հաճախողներին, որպեսզի իրենց պահվածքով որևէ կերպ չվիրավորեն Տիրոջը, տաճարի սրբությունը և աղոթող անձանց հոգևոր զգացումները: