ՌԴ-ն եւ Թուրքիան լուրջ առաջընթաց են արձանագրել սիրիական ճգնաժամի կարգավորման գործում. Պուտին
Ռուսաստանին եւ Թուրքիային, շահագրգիռ մյուս երկրների հետ միասին, հաջողվել է լրջորեն առաջ շարժվել սիրիական ճգնաժամի կարգավորման գործում:
Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 24-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի եւ այդ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ Կրեմլում կայացած հանդիպմանը:
Դրան թուրքական կողմից մասնակցել է նաեւ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, իսկ ռուսական կողմից՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ նախագահի՝ սիրիական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը:
«Մեր երկրների ջանքերի շնորհիվ շահագրգիռ այլ պետությունների, մասնավորապես, նկատի ունեմ Իրանը, մեր համագործակցությունը ՄԱԿ-ի, եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների հետ, մեզ այնուամենայնիվ հաջողվեց լրջորեն առաջ շարժվել սիրիական ճգնաժամի կարգավորման գործում»,- ասել է Պուտինը: