Բաժիններ՝

«Եթե գործընթացները հիմա սկսվեն, մինչև տարվա վերջ կլինի «Չնչիկ» ֆիլմի պրեմիերան». Արամ Շահբազյան

Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը, որը պատմում է կարծրատիպերով ապրող հասարակության մասին, որը մեկուսացնում է իրենից տարբերվող անհատին, պարտադրում իր կանոնները և իրավունք վերապահում դատել ու վճռել անհատի ճակատագիրը, 2003 թվականից սկսած երկար ու բարդ ճանապարհ է անցնում և անընդհատ բախվելով խնդիրների՝ դեռ մեծ էկրան չի բարձրանում: Այս խնդիրների բարձրաձայնման և հնարավոր լուծումներ գտնելու պատրվակով չորս երկրի՝ Հայաստան, Շվեյցարիա, Հոլանդիա, Գերմանիա, համարտադրություն «Չնչիկ» կինոնախագծի ռեժիսոր Արամ Շահբազյանը օգոստոսի 22-ին մշակույթի նախարարության շենքի մոտ անժամկետ հացադուլ էր սկսել, որը սակայն շատ արագ դադարեցվեց՝ ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո, ով, ինչպես մեզ հայտնեց Արամ Շահբազյանը, «խոստացել է պրոցեսի մանրակրկիտ ուսումնասիրություն սկսել՝ պարզելու համար, թե նախ՝ ինչու ֆիլմը դեռ պատրաստ չէ, երկրորդ՝ ինչու է այս փաթեթը հայտնվել հանձնաժողովի առաջ, եթե կա խորհրդի հաստատված որոշումը, և, որ ամենակարևորն է, այս ամենն իրականացվելու է թափանցիկության պայմաններում»:

Արամ Շահբազյանը մեզ է ներկայացրել «Չնչիկի» 10 երկար տարիներ ձգվող կենսագրությունը՝ շահած դրամաշնորհներից մինչև երեք նախարարների փոփոխություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«2003-2006թթ. նախագիծը շահել է միջազգային դրամաշնորհներ՝ 75.000 դոլար և 110.000 եվրո (Շվեյցարական SDC, Ռոտերդամի և Բեռլինի կինոփառատոնների դրամաշնորհային ծրագրեր` HBF, Cinemart, WCF) և դիմել Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի ֆիլմարտադրության աջակցման ծրագրին: 2008-2009թթ. ֆիլմի արտադրության ժամանակ «ԱՐՄՆԱ» ՍՊԸ-ն (գլխավոր պրոդյուսեր՝ Արա Մնացականյան, պրոդյուսեր՝ Մելիք Կարապետյան) ստացել է 45.800.000 ՀՀ դրամ դրամաշնորհ: 2010թ. սկսվել են ֆիլմի մոնտաժային աշխատանքները, որին մասնակցել են նաև համարտադրողները (Els Vandevorst/ISABELLA FILMS, The Netherlands, Martin Hagemann/ZEROFICTION, Germany, Andres Pfaeffli/VENTURA FILM, Switzerland)։ Ֆիլմի հետարտադրական աշխատանքները մնացել են անավարտ:

2012թ. Ազգային Կինոկենտրոնը տրամադրել է ևս 8.000.000 ՀՀ դրամ՝ հետարտադրական աշխատանքներին աջակցելու համար, որն անբավարար է եղել ֆիլմն ավարտելու համար: Չնայած ֆիլմի անավարտ վիճակին, Կինոկենտրոնը այն ընդունել է իր հաշվեկշռում և «լուծել է փաստաթղթավորման հարցերը»»,- հաղորդում է Արամ Շահբազյանը: 

«2014թ. պարզվել է, որ Մոսկվայի «Սալամանդրա» կինոլաբորատորիան փակվել է և ֆիլմի նեգատիվ ժապավենները, որը նաև պետական գույք է, հայտնի չէ՝ որտեղ են: 2016թ. ֆիլմի ժապավենները հայտնաբերվել են «Գոսֆիլմոֆոնդի» արխիվում: Նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից որոշում է կայացվել հավելյալ ֆինանսավորում տրամադրել «Չնչիկ» ֆիլմին՝ հետարտադրական աշխատանքները ավարտին հասցնելու համար, Կինոկենտրոնի կողմից 3.382.500 դրամ գումար է փոխանցվել «Մոսֆիլմ»՝ ֆիլմի ժապավենները թվայնացնելու և Հայաստան տեղափոխելու համար:

2017թ.-ի հոկտեմբերի 5-ին Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական խորհրդի կողմից ևս մեկ անգամ քննարկվել է «Չնչիկ» ֆիլմի գեղարվեստական որակը և կրկին որոշում է կայացվել ֆինանսավորել ֆիլմի հետարտադրական ծախսերը և ավարտել ֆիլմը: Օրվա նախարար Արմեն Ամիրյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ փաստելով, որ 2018 թվականին ֆիլմը կավարտվի: 2018թ. նախարար Ամիրյանի կողմից հանձնարարվել է սկսել ֆիլմի հնչյունային աշխատանքները՝ հավաստիացմամբ, որ ֆիլմի ֆինանսավորման հարցերը զուտ տեխնիկական են: 

2018 թվականի ապրիլին Կինոկենտրոն են ներկայացվել հավելյալ փաստաթղթեր միջազգային դիստրիբյուտորական ընկերությունների կողմից, որոնք փաստում են ֆիլմի միջազգային տարածման պոտենցիալը և միջազգային տեխնիկական չափանիշներին համապատասխան լինելու անհրաժեշտությունը:

2018թ.-ի մայիսին Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել: «Չնչիկ» ֆիլմի փաթեթը, Գեղխորհրդի որոշման հետ միասին, մնացել է նոր կառավարության գրասենյակներում: Մշակույթի նախարարության նոր պաշտոնյաները և Կինոկենտրոնի նոր Գեղխորհուրդը սկսել են քննարկել կինոնախագծերի ֆինանսավորման գործընթացը, սակայն անորոշ է մնացել «Չնչիկի» վերաբերյալ կայացված որոշման իրականացման գործըթացը»:

Արամ Շահբազյանը նշեց, որ նախքան հացադուլը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, սակայն պատասխան չի ստացել:
«Սկզբում Հասմիկ Պողոսյանն էր, նրան փոխարինեց Արմեն Ամիրյանը, եկավ Մակունցը, և ամեն անգամ ամեն ինչ սկսվում է զրոյից. սա է կինոնախագծի պրոբլեմը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց պարոն Շահբազյանը:

«Չնչիկ» ֆիլմն ավարտելու համար չնչին աշխատանքներ են մնացել, ինչպես նշում է ինքը ռեժիսորը՝ վերջին շտրիխները՝ հնչյունային մոնտաժ, գունաբաժանում և այլն: Արամ Շահբազյանը վստահ է, որ եթե իրեն «հինգ օրից, մեկ շաբաթից հստակ պատասխան տան», հնարավոր կլինի 2018 թվականին ֆիլմը մեծ էկրան բարձրացնել և հանձնել հանդիսատեսի դատին. «Եթե գործընթացները հիմա սկսվեն, մինչև տարվա վերջ կլինի «Չնչիկ» ֆիլմի պրեմիերան»,- հավաստեց Արամ Շահբազյանը:

Արամ Շահբազյանի լուսանկարը՝ Azatutyun.am-ի

Ֆիլմից կադրերը՝ «Չնչիկի» ֆեյսբուքյան էջից

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս