ԱՊՀ-ի հատուկ ծառայություններն ահաբեկիչների «քնած խմբերի» բացահայտման մարզում են անցկացրել
ԱՊՀ-ի հատուկ ծառայությունները միջազգային ահաբեկչական կազմակերպությունների «քնած խմբերի» բացահայտման համատեղ մարզում են անցկացրել Ղրղզստանում: Այդ մասին ասված է ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնի հաղորդագրության մեջ:
Մարզումն անցկացվել է ԱՊՀ-ի մասնակից պետությունների պատկան մարմինների «Իսիկ-Կուլ-Հակաահաբեկչություն-2018» համատեղ հակաահաբեկչական վարժանքին նախապատրաստվելու շրջանակներում, որը սեպտեմբերին տեղի է ունենալու Համագործակցության յոթ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի տարածքում: Եզրափակիչ փուլը կկայանա Ղրղզստանի տարածքում:
Մարզման մասնակիցները վերլուծել են ԱՊՀ-ի հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների զինանոցում առկա համատեղ օգտագործման տեղեկատվական համակարգերի հնարավորությունները:
Մարզմանը մասնակցել են այն երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնց տարածքում անցկացվելու են վարժանքները, ինչպես նաեւ ԱՊՀ-ի մարմինների՝ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի, Ֆինանսական հետախուզությունների մարմինների ղեկավարների խորհրդի, Կազմակերպված հանցավորության եւ հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի ներկայացուցիչները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: