Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի պատվիրակությանը՝ Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, պատվիրակության կազմում են եղել Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Րաֆֆի Աշքարյանը:

Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են Թավշյա հեղափոխության արձանագրած դրական անդրադարձները և այդ ուղղությամբ ժողովրդական ակնկալությունները, ինչպես նաև Սփյուռքի, հատկապես Լիբանանի հայության մոտ ստեղծված մթնոլորտն ու այն պաշտպանելու վճռականությունը:

Իբրև ՀՅԴ մեծ ընտանիքի ամդամ, Լիբանանի ՀՅԴ կազմակերպության պատվիրակությունը վարչապետ Փաշինյանին է փոխանցել թավշյա հեղափոխության հաջողության անհրաժեշտությունը և այդ առումով Դաշնակցության պատրաստակամությունը՝ նպաստելու նրա ամրապնդմանը։ Շեշտվել է, որ անխուսափելի խոչընդոտների և դժվարությունների հաղթահարման համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդական միասնությունը և գործակցային ոգին՝ կանխելու հաջողությանը խանգարող ցանկացած կասկածելի փորձ:

ՀՅԴ պատվիրակությունը Հայաստանի վարչապետին նաև փոխանցել է Լիբանանի հայության անցյալից փաստված պատրաստակամությունն ու վճռականությունը՝ գործնական արձագանքելու Արցախի ու Հայաստանի հզորացման ջանքերին և միաժամանակ տագնապելու՝ այդ ճանապարհի վրա դրսևորվող որևէ բացթողման կամ տատանման ժամանակ:

Վարչապետ Փաշինյանին փոխանցվել է նաև Դաշնակցության ներկայացուցիչների պատրաստակամությունը Հայաստանի և Լիբանանի տարբեր ոլորտներում խթանելու տնտեսական, ընկերային, քաղաքական, մշակութային և զբոսաշրջային կապերը:

Վարչապետ Փաշինյանը իր ուրախությունն է հայտնել կայացած հանդիպման կապակցությամբ, նշելով, որ իր համար Լիբանանը, Լիբանանի հայությունն ու երիտասարդությունը հատուկ նշանակություն ունեն, մանավանդ հեղափոխության ընթացքում նրանց ունեցած զորակցության քայլերի կապակցությամբ:

Փաշինյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է երկխոսության ու գործակցության շարունակությունը և քաղաքական առողջ ուժերի միասնության ճիգի արդյունավորումը՝ ի սպաս հեղափոխության հաջողության:

Տեսանյութեր

Լրահոս