Վենեսուելայում պարենի հաստատագրված գներ են սահմանում
Վենեսուելայի փոխնախագահ Տարեկ Էլ Այսամին հայտարարել է, որ համաձայնագրեր է կնքել ագրոարդյունաբերական համալիրի 33 ճյուղի ներկայացուցիչների հետ, որոնք համաձայնել են հաստատագրել իրենց արտադրանքի գները: Այդ մասին հայտնել է Universal հրատարակությունը:
Հրատարակության տվյալներով՝ Էլ Այսամին հանդիպումներ է ունեցել ագրոարդյունաբերության ներկայացուցիչների հետ «երկրում արտադրողականությունը բարձրացնելու» համար: Հաստատագրված գները պարենավորման նախարարության կողմից կհրապարակվեն օգոստոսի 22-ին:
Ավելի վաղ փոխնախագահը հայտարարել է, որ դրամական բարենորոգումից հետո երկրի տնտեսության նորմալացման համար կպահանջվի 90 օր:
Օգոստոսի 20-ին Վենեսուելայի իշխանությունները հայտարարեցին արժեմեծացման եւ սուվերեն բոլիվարը շրջանառության մեջ դնելու մասին, որը կփոխարինի հին, գերգնաճի հետեւանքով արժեզրկված դրամին, իսկ թղթադրամներից կանհետանան հինգ զրոներ:
Նախագահ Նիկոլաս Մադուրոյի խոսքով՝ օգոստոսի 20-ից Վենեսուելայում շրջանառության մեջ կլինեն երկու արժույթներ՝ բոլիվարը եւ «պետրոն»: Ըստ որում հին դրամները նույնպես առայժմ մնում են մինչեւ դրանց անհետանալու պահը: Նոր բոլիվարը կկապակցվի «պետրոյին»:
Վենեսուելան երկարատեւ ճգնաժամի ֆոնին փետրվարի 20-ին թողարկել է «պետրո» գաղտնարժույթը, որն ապահովված է նավթով՝ դառնալով սեփական գաղտնարժույթով առաջին երկիրը, գաղտնարժույթ, որը պաշտպանված է նավթի պաշարներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: