Զովասար գյուղում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է երկու անձ, պարզվել է շարժառիթը
ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Զովասար գյուղում տեղի ունեցած նռնակի պայթյունի դեպքի առթիվ, երկու անձ ձերբակալվել է։
Օգոստոսի 20-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում տուն են պայթեցրել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ պայթյունը տեղի է ունեցել բնակելի տան դռան մոտ, որի հետևանքով վնասվել է տան մուտքի դուռը և պատուհանի ապակին։ Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը։
Մասնավորապես՝ նախնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլին Արագածոտնի մարզում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել են Զովասար գյուղի բնակիչներ Ն.Մանուկյանը և Ա.Կիրակոսյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի՝ վարորդի ինքնությունը, ով ևս Զովասար գյուղի բնակիչ է։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2017 թվականի օգոստոսին ուղարկվել դատարան, որտեղ հիմնավորված է համարվել առաջադրված մեղադրանքը, և 07.07.2018թ. դատավճռով մեղադրյալը դատապարտվել է ազատազրկման։
Նշված ավտովթարից հետո լարված հարաբերություններ են ձևավորվել մեղադրյալի և տուժողի ընտանիքների միջև։
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ավտովթարի զոհ դարձած Ա.Կիրակոսյանի մերձավոր երկու ազգական 2018 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 01։50-ի սահմաններում, գնացել են դատապարտված վարորդի՝ իրենց համագյուղացու տան մոտ և նռնակ նետելով տան մուտքի դռան մոտ՝ պատճառել գույքային վնաս։
Դեպքի առթիվ 2018 թվականի օգոստոսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, կասկածյալները ձերբակալվել են և հարցաքննվել։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են հավանաբար պայթուցիկ սարքի մետաղյա բեկորներ, ինչպես նաև պայթյունի հավանական օջախից վերցվել է հողի նմուշ և դրանցով նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են համապատասխան քննչական և քրեադատավարական գործողություններ՝ նռնակի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: