«Բոկո հարամ»-ի զինյալները Նիգերիայում 40 տուն են հրկիզել Մայրարի գյուղում
«Բոկո հարամ» արմատական խմբավորման զինյալները շուրջ 40 տուն են հրկիզել Նիգերիայի հյուսիս-արեւելքի Բոռնոյի նահանգի Մայրարի գյուղի վրա անցած կիրակի օրը ձեռնարկված գրոհի ընթացքում: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտնել է Algerie presse service լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանապետ Դեմիան Չուկվուին:
Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները մինչ այժմ պարզում են ծայրահեղականների հարձակման զոհերի ստույգ թիվը: Տեղական համայնքի ներկայացուցիչները հայտնել են Մայրարիի 19 զոհված խաղաղ բնակիչների մասին:
Օգոստոսի 20-ին «Ֆրանսպրես» գործակալությունը տեղեկատվություն էր տարածել գրոհի հետեւանքով տասը զոհվածների վերաբերյալ: Նշվել էր, որ Մայրարիում գտնվող ոստիկանության աշխատակիցները չեն կարողացել խոչընդոտել զինյալների գործողություններին:
Դիտորդները նշում են ծայրահեղականների ակտիվացումը վերջին ամիսներին: Հուլիսին «Բոկո հարամ»-ի զինյալները գրոհել էին կառավարական զորքերի բազաները Յոբեի եւ Բոռնոյի նահանգներում եւ սպանել մեծ թվով զինծառայողների:
«Բոկո հարամ»-ն իսլամիստական խմբավորում է, որը գործում է Նիգերիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում: Նրա զինյալները նաեւ հարձակումներ են կատարում հարեւան երկրների՝ Նիգերի, Կամերունի եւ Չադի տարածքներում:
2009 թվականից «Բոկո հարամ»-ի զինյալների կողմից ավելի քան 20 հազար մարդ է սպանվել Չադ լճի ավազանի երկրներում: Մոտավորապես 2,6 մլն մարդ փախստական ու հարկադիր վերաբնակ է դարձել:
2015 թվականի մարտին խմբավորումը հավատարմության երդում Է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: