Բաժիններ՝

Կամիլա Կաբելյոյի Havana երգի հոլովակը տարվա լավագույն տեսանյութն է ճանաչվել MTV Video Music Awards-ում

Կամիլա Կաբելյոյի Havana երգի հոլովակը տարվա լավագույն տեսանյութն է ճանաչվել MTV Video Music Awards մրցանակի հանձնման արարողությանը: Պարգեւի հանձնման 35-րդ արարողությունը, որը շնորհվում է տեսահոլովակների ստեղծման համար, տեղի է ունեցել նյույորքյան Radio City Music համերգասրահում: Միջոցառման ուղիղ հեռարձակումն իրականացրել է MTV հեռուստաալիքը:

21-ամյա կուբացի-ամերիկացի երգչուհին այս տարի ներկայացված էր հինգ անվանակարգում: Բացի գլխավոր պարգեւից, նրան նաեւ հաջողվել է արձանիկ ստանալ «Տարվա լավագույն արտիստ» կատեգորիայում: Havana կոմպոզիցիան Կաբելյոն կատարել է հիփ-հոփ-արտիստ Յանգ Տագի հետ համատեղ:

Այս տարեշրջանում մրցանակի անվանակարգերի թվով առաջատարն ամերիկացի ռեփ-կատարող Քարդի Բին էր՝ տեղ զբաղեցնելով 12 կատեգորիաներում: Արդյունքում նրան հաջողվել է պարգեւը նվաճել երեք կատեգորիայում, ներառյալ «Լավագույն նոր արտիստը»:

Նաեւ եռակի հաղթանակ է տարել ռեփեր Չայլդիշ Գամբինոն իր This Is America հոլովակով, որը, սակայն, նշվել է միայն տեխնիկական անվանակարգերում: Այս տարի լուրջ մրցակից էր համարվում երգչուհի Բեյոնսեի եւ ռեփեր Ջեյ Զիի ստեղծագործական եւ ամուսնական դուետը: Ընթացիկ տարվա հունիսին նրանք թողարկել են Everything Is Love դեբյուտային համատեղ ալբոմն արդեն ոչ թե որպես սոլո երգիչներ, այլ որպես The Carters դուետ: Նրանց Apeshit երգի հոլովակը պարգեւի էր հավակնում ութ անվանակարգում, սակայն արդյունքում նրանց հաջողվել է միայն երկու արձանիկ ստանալ տեխնիկական կատեգորիաներում:

«Լավագույն փոփ-տեսահոլովակ» անվանակարգում պարգեւը հանձնվել է ամերիկուհի Արիանա Գրանդեին՝ No Tears Left to Cry կոմպոզիցիայի հոլովակի համար: Լավագույն ռոք-տեսահոլովակի համար արձանիկն ստացել է Imagine Dragons կոլեկտիվը՝ Whatever It Takes հիթի հոլովակի համար:

«Լավագույն հիփ-հոփ-տեսահոլովակ» կատեգորիայում հաղթանակը բաժին է ընկել ռեփ-երգչուհի Նիկի Մինաժին՝ Chun-Li կոմպոզիցիայի հոլովակի համար: MTV Video Music Awards մրցանակը MTV հեռուստաալիքի կողմից հիմնվել է 1984 թվականին՝ ամենահեղինակավոր պարգեւներից մեկը դառնալով տեսահոլովակների ստեղծման բնագավառում: Դրա դափնեկիրներին ավանդաբար արձանիկներ են հանձնում սկաֆանդրով աստղագնացի տեսքով՝ դրոշը ձեռքին, որի վրա պատկերված է հեռուստաալիքի լոգոտիպը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս