Brexit-ի շուրջ բանակցությունների հերթական փուլը կկայանա օգոստոսի 21-22-ին Բրյուսելում
Brexit-ի հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ բանակցությունների նոր փուլը կկայանա օգոստոսի 21-22-ին Բրյուսելում: Այդ մասին հայտնել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով Միացյալ Թագավորության նախարարության մամուլի ծառայությունը:
Հրապարակված տեղեկագրի համաձայն՝ օգոստոսի 21-ին կողմերը կքննարկեն ապագա հարաբերությունները Brexit-ից հետո, իսկ օգոստոսի 22-ին նրանք վերստին կփորձեն վերացնել գոյություն ունեցող հակասությունները ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի շուրջ:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են 2017 թվականի հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար:
Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Ինչպես վկայում են Deltapoll-ի կողմից անցկացված հարցման արդյունքները, Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նկատմամբ բրիտանիների վերաբերմունքը քիչ Է փոխվել հանրաքվեի անցկացման ժամանակվանից:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, հարցվածները հայտարարել են, որ կքվեարկեին նույն կերպ, ինչպես 2016 թվականի հունիսին: Brexit-ի նկատմամբ վերաբերմունքը փոխել է 13 տոկոսը: Ընդ որում զգալի մասն այժմ կպաշտպաներ ԵՄ-ից երկրի դուրս գալն այն դեպքում, երբ նրանք ավելի վաղ դեմ էին քվեարկել: Ընդամենը բրիտանացիների 15 տոկոսն է ցանկանում, որ երկրում վերջնական քվեարկություն անցկացվի Brexit-ի շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: