Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայի բանակի ազատագրած շրջանների վերականգնմանը խոչընդոտելու մեջ
Միացյալ Նահանգները խոչընդոտում է Սիրիայի այն շրջանների վերականգնմանը, որոնք վերահսկվում են Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության կողմից: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեբրան Բասիլի հետ երկկողմ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Ահա մի քանի օր առաջ Վաշինգտոնում էր Ստաֆան դե Միստուրան (Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը). նա հանդիպում է ունեցել (ԱՄՆ-ի պետքարտուղար) Մայք Փոմպեոյի հետ, եւ նրանց բանակցությունների արդյունքների վերաբերյալ իր մեկնաբանության մեջ Պետդեպարտամենտն օգտագործել է «Սիրիայի վերականգման հարցը նույնիսկ քննարկելն է վաղաժամ» արտահայտությունը»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ հայտարարվել է, որ «սկզբում հարկավոր է առաջընթացի հասնել քաղաքական կարգավորման, այսպես կոչված քաղաքական անցումի հարցում»:
«Դրա հետ մեկտեղ նշեմ, որ նման պայմաններ եւ նման նախնական պահանջներ ԱՄՆ-ն առաջադրում է բացառապես այն շրջանների նկատմամբ, որոնք վերահսկում է Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը, եւ որոնք ազատագրվել են ԴԱԻՇ-ից, «Ջաբհաթ ան Նուսրա»-ից եւ մյուս ահաբեկիչներից»,- ասել է Լավրովը:
«Ինչ վերաբերում է այն շրջաններին, որոնք վերահսկում են ԱՄՆ-ի հետ համագործակցողները եւ նրանից աջակցություն ստացող ընդդիմության ուժերը, ամենից առաջ Եփրատի արեւելյան ափին, ապա այնտեղ ոչ մի նման պահանջ չի առաջադրվում:
Ընդհակառակը, այնտեղ վերականգնման գործընթացներն ընթանում են ամբողջ թափով: Ընդ որում՝ ԱՄՆ-ն այդ աշխատանքների վճարմանը ներգրավում է իր մի ամբողջ շարք դաշնակիցների»,- ասել է Լավրովը:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ՄԱԿ-ի կառույցներին արգելված է մասնակցել Սիրիայի տնտեսության վերականգնմանը: