Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ՝ օգոստոսի 20-ին, ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Դեսպանը շնորհավորել է Հայկ Գրիգորյանին՝ ՀՀ ՔԿ նախագահի բարդ և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել ՀՀ և ԻԻՀ իրավապահ մարմինների, այդ թվում քննչական կոմիտեների միջև ձևավորված համագործակցության ավանդույթները։ Կողմերը հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ու առավել խորացնելու փոխգործակցությունը և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
ՀՀ ՔԿ նախագահը նշեց, որ երկու երկրների իրավապահ մարմինների ակտիվ համագործակցության համար առկա է բավարար իրավական բազա և իրավական օգնությունն իրականացվում է ինչպես ՄԱԿ-ի շրջանակներում կնքված միջազգային-իրավական փաստաթղթերի, այնպես էլ երկկողմ համաձայնագրերի հիման վրա։
Հանդիպման ժամանակ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական ստորաբաժանումների վարույթում ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ և նրանց մասնակցությամբ քննվող քրեական գործերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ:
Դեսպանը բարձր գնահատեց քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունների պատճենները ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն փոխանցելու ձևավորված պրակտիկան, որը նպաստում է դրանց կատարումն արագացնելու գործընթացին։
Կողմերը կարևորեցին քրեական գործերով տեղեկատվության օպերատիվ փոխանակումն ու ըստ անհրաժեշտության կոնկրետ գործերով միմյանց իրավական օգնության ցուցաբերումը, որի արդյունավետությունն անուղղակիորեն ազդում է երկու պետությունների իրավապահ մարմինների միջև փոխադարձ վստահությանը: