Զինված հարձակում Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա
Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։
Թուրքական մամուլում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 20-ի առավոտյան 05։00 սահմաններում Աթաթուրքի անվան պուրակով անցնող ավտոմեքենայից կրակ է բացվել ԱՄՆ դեսպանատան շենքի ուղղությամբ։ Վնասվել են դեսպանատան պահակակետի պատուհանի ապակիները, զոհեր կամ վիրավորներ չկան։
Դեսպանատան շենքի վրա կրակ բացած մեքենայի պետհամարանիշը հայտնի չէ, ոստիկանությունը փնտրում է կասկածյալներին։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրք–ամերիկյան հարաբերությունները բավական լարված են։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության նախարարության և ՆԳՆ ղեկավարների նկատմամբ` ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին կալանավորելու պատճառով, ինչպես նաև՝ 20 և 50 տոկոսով ավելացրել է Թուրքիայից ներկրվող ալյումինի և պողպատի մաքսատուրքերը։ Իսկ Թուրքիան էլ կրկնապատկել է ԱՄՆ-ից ներկրվող որոշ ապրանքատեսակների մաքսատուրքերը: