Զորակոչից խուսափելուն օժանդակելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա տարբեր անձանց զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելուն, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի: Այդ մասին տեղեկացրին Քննչական կոմիտեից:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. հուլիսի 31-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է զինակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից մտացածին հիվանդության պատճառով ազատելու համար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։
Քննիչը նույ օրը քրեական գործը վարույթ է ընդունել, մշակել քննչական պլան և հետաքննության մարմնի հետ իրականացրած քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, բացահայտվել առերևույթ հանցավոր այլ դրսևորումներ ևս։
Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Անտոնյանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա 3 անձանց, ովքեր չեն ունեցել պարտադիր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ազատվելու հիմքեր, առերևույթ օժանդակել է մտացածին հիվանդության պատճառաբանությամբ, ինչպես նաև՝ խաբեության այլ ճանապարհով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի, իսկ երկու դեպքում՝ խոշոր չափի կաշառք ստանալուն:
Քննության տվյալներով՝ ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ Ս.Ասպատուրյանը 2017թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի ազատելու համար վերջինիս հոր հետ համաձայնություն է ձեռք բերել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ, որի իրականացման համար զորակոչիկի հորը ծանոթացրել է Ա.Անտոնյանի հետ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ս.Ասպատուրյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մաս-մաս զորակոչիկի հորից ստացել է առանձնապես խոշոր չափերով 19 800 ԱՄՆ դոլար:
Մեկ այլ դեպքով զինծառայության տարիքի հասած տղայի հայրը առերևույթ որպես կաշառք տվել է 15.000 ԱՄՆ դոլար: Մասնավորապես՝ տղային 2017թ. ձմեռային զորակոչից խաբեությամբ ազատելու համար հայրը ծանոթացել է Ա.Անտոնյանի հետ և առերևույթ պայմանավորվածություն ձեռք բերել 15 000 ԱՄՆ դոլար կաշառքի շուրջ: Վերջինս էլ օժանդակել է համապատաասխան պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում զորակոչիկի օգտին գործողություն կատարելու համար կաշառք ստանալուն, որի արդյունքում երիտասարդն ապօրինի ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ չունենալով պարտադիր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ազատվելու հիմքեր:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ Ս.Ասպատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, զինծառայության ենթակա անձի հորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Օգոստոսի 15-ին մեղադրանք էր առաջադրվել նաև ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Անտոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ), 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ կոռուպցիոն դրսևորումների միջոցով զինվորական ծառայությունից ազատելու հնարավոր այլ դեպքերը բացահայտելու, ինչպես նաև դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և ապացույցների համակցությամբ՝ համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: