Թբիլիսիում ռուսական այցագրային կենտրոն է բացվել
Օգոստոսի 17-ի առավոտյան Թբիլիսիում աշխատանքն է սկսել ռուսական այցագրային կենտրոնը: Ինչպես հայտնել են Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանն առընթեր գործող Վրաստանում ՌԴ-ի շահերի սեկցիայում, կենտրոնն ընդունելու է այդ երկրի եւ այլ պետությունների քաղաքացիների եւ առանց քաղաքացիության անձանց դիմումները, որոնք այցագրեր են խնդրում Ռուսաստան մեկնելու համար:
«Ռուսական այցագրային կենտրոնում հարմարավետ պայմաններ են ստեղծված փաստաթղթերի հանձնման համար, դիմումնատուներին սպասարկում է 16 ընդունող պատուհան, որոնք կոչված են դյուրացնելու գործընթացը: Տվյալների մշակումից հետո փաստաթղթերը կենտրոնից կուղարկվեն Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանն առընթեր Վրաստանում ՌԴ-ի շահերի սեկցիա»,- լրագրողներին պարզաբանել են նոր հիմնարկության աշխատակիցները:
Մեկնաբանելով կենտրոնի բացումը՝ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն թբիլիսյան Maestro հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ այդ կենտրոնի աշխատանքը «կբարելավվի քաղաքացիների այցագրային եւ հյուպատոսական սպասարկման որակը»:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ակնկալում է, որ կենտրոնը երկրի քաղաքացիներին հավելյալ հարմարավետություն կապահովի է հյուպատոսական ծառայություններ ստանալիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: