Առնվազն 167 մարդ է զոհվել Հնդկաստանի Քերալայի նահանգում մոլեգնող տեղատարափներից
Մեկ շաբաթից փոքր-ինչ ավելի ժամանակաշրջանում առնվազն 167 մարդ է զոհվել Հնդկաստանի հարավի Քերալայի նահանգում, որը գտնվում է մուսոնային անձրեւների իշխանության ներքո: Այդ մասին օգոստոսի 17-ին հայտնել է NDTV հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր 97 զոհվածների մասին:
Անձրեւները Հնդկաստանի հարավային եւ հարավարեւմտյան շրջաններում սկսվել են օգոստոսի 8-ին եւ շարունակվում են մինչ օրս: Տարերքի հարվածի հետեւանքով հեղեղվել են ամբողջ բնակավայրեր, լուրջ վնաս է պատճառվել ենթակառուցվածքին եւ քաղաքացիների ունեցվածքին: Նահանգի պատմության մեջ առաջին անգամ բացվել են այնտեղ գործող 39 ամբարտակներից 35-ը: Վտանգի կարմիր մակարդակ Է հայտարարված նահանգի 14 շրջաններում:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է, որ օգոստոսի 17-ին մտադիր է ուղեւորվել Քերալա, որտեղ տեղական վարչակազմի ներկայացուցիչների հետ կքննարկի այս շրջանում փրկարարական գործողության ընթացքը:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Հնդկաստանի ռազմածովային ուժերի հարավային հրամանատարությունը դադարեցրել է բոլոր զորավարժությունները եւ անձնակազմին ուղարկել փրկելու եղանակային վատ պայմաններից տուժած Քերալայի նահանգի բնակիչներին:
Իշխանությունների գնահատումներով՝ այս տարի տարածաշրջանում մոլեգնում է վերջին գրեթե 100 տարվա ընթացքում ամենաավերիչ մուսոնը: Ընդհանուր առմամբ, երկրի ՆԳ նախարարության տվյալներով, սեզոնային անձրեւների սկսվելուց ի վեր Հնդկաստանի տարբեր մասերում զոհվել է ավելի քան 770 մարդ, որոնց մեծ մասը բաժին է ընկնում Քերալային, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: