Ինդոնեզիայում թույլատրել են առանց նախազգուշացման գնդակահարել անտառների հրձիգներին
Ինդոնեզիայի Սումատրա կղզու Ռիաուի նահանգի զինծառայողներին թույլատրել են հայտնաբերման դեպքում առանց նախազգուշացման կրակել անտառներ հրկիզողների վրա:
Այդ մասին հայտնել է Անտարա գործակալությունը՝ վկայակոչելով անտառային հրդեհներից պաշտպանության ստորաբաժանման ներկայացուցիչ Սոննի Ապրիանտոյին:
Ապրիանտոյի խոսքով՝ այս որոշումն ընդունվել է այն պատճառով, որ նահանգի տարածքում անտառային հրդեհների առաջացման դեպքում կրակը շատ արագ է տարածվում: «Ռիաուի նահանգում հրդեհների շուրջ 99 տոկոոսը կապված է անպատասխանատու մարդկանց դիտավորյալ գործողությունների հետ»,- նշել է նա:
Ինչպես հայտնել է գործակալությունը, ավելի վաղ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդորոն հայտարարել է, որ իշխանությունները պետք է հնարավորինս ամեն ինչ անեն, որպեսզի Ասիական խաղերը, որոնք օգոստոսի 18-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը տեղի կունենան Ջակարտայում եւ Պալեմբանգում (Հարավային Սումատրայի նահանգի կենտրոն), չձախողվեն հրդեհների պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: