«Մաքքաբի»-ն մեծ դժվարությամբ կարողացավ հաղթահարել «Փյունիկ»-ի արգելքը
Երևանի «Փյունիկ»-ը Եվրոպա լիգայի որոկավորման երրորդ փուլի պատասխան խաղում ձեռքից բաց թողած խաղի մեկնարկում ստացած առավելությունը, պարտվեց ու զրկվեց մրցաշարի փլեյ օֆի ուղեգրից:«Փյունիկ»-ը սեփական հարկի տակ արձանագրած 0-0 հաշվից հետո մրցակցի հարկի տակ զիջեց 1-2 հաշվով ու դուրս մնաց պայքարից:
Խաղը շատ լավ մեկնարկ ունեցավ հայկական ակումբի համար: Հանդիպման 11-րդ րոպեին «Փյունիկ»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Դենիս Վոյնովը: Բաց թողած գնդակից հետո Թել Ավիվի «Մաքքաբի»-ի ֆուտբոլիստները նետվեցին առաջ և փորձում էին հետ բերել կորցրածը: Թել Ավիվը ներկայացնող թիմի ֆուտբոլիստները կարողացան մի քանի սուր գրոհներ կազմակերպել «Փյունիկ»-ի դարպասի մոտ, սակայն առաջին խաղակեսում նրանց չհաջողվեց հավասարեցնել հաշիվը: Թիմերն ընդմիջման գնացին 0-1 հաշվով:
Երկրորդ խաղակեսի մեկնարկն անհաջող էր արդեն «Փյունիկ»-ի համար: 55-րդ րոպեին երևանյան ակումբի տուգանային հրապարակում խառը իրավիճակ ստեղծվեց և Դոր Միչան կարողացավ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը:
Հաշիվը հավասարեցնելուց հետո «Մաքքաբի»-ն տիրեց նախաձեռնությանը՝ երկրորդ գնդակը հեղինակելու համար, քանի որ 1-1 հաշիվը ձեռնտուր էր «Փյունիկ»-ին: Ի վերջո, իսրայելական ակումբի ֆուտբոլիստների ջանքերն արդյունք տվեցին: 68-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Էլիրան Աթարը:
Բաց թողած երկրորդ գոլից հետո «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները փորձում էին ինչ-որ բան անել իրավիճակը փոխելու համար, սակայն հայկական ակումբի հատուկենտ գրոհներն այնքան էլ վտանգավոր չէին: Այդ ընթացքում «Մաքքաբի»-ի ֆուտբոլիստները կարողացան մի քանի վտանգավոր հակագրոհ կազմակերպել, որոնցից հետո գնդակը ուղղակի հրաշքով չհայտնվեց «Փյունիկ»-ի դարպասում: Հանդիպման վերջնամասում գնդակին ավելի շատ տիրում էին իսրայելական ակումբի ֆուտբոլիստները: 88-րդ րոպեին «Փյունիկ»-ն անկյունային հարվածի իրավունք ստացավ, որի իրացումից հետո որոշակի լարվածություն դաշտի տերերի դարպասի մոտ առաջացավ, սակայն գնդակը դարպասում այդպես էլ չհայտնվեց:
Մրցավարի կողմից ավելացված ժամանակում «Մաքքաբ»-ի ֆուտբոլիստները ևս մեկ անգամ կարող էին աչքի ընկնել, սակայն «Փյունիկ»-ի դարպասապահ Անդրեա Դրագոևիչը հրաշալի սեյվով փրկեց թիմին: Այնուամենայնիվ, «Փյունիկ»-ին այլևս ոչինչ անել չհաջողվեց, խաղն ավարտվեց 1-2 հաշվով: