Բաժիններ՝

«Մաքքաբի»-«Փյունիկ». Հայկական ակումբը կարող է կրկին պատմություն կերտել

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» կհյուրընկալվի «Մաքքաբիին»:

Երևանում կայացած առաջին խաղում կողմերը ոչ մի գնդակ չփոխանակեցին: Սեփական հարկի տակ գոլ բաց չթողնելը հոգեբանական առավելություն է տալիս հայկական ակումբին: Մրցակցի հարկի տակ մեկ գոլն էլ կարող է հայկական ակումբին հնարավորություն տալ՝ դուրս գալ Եվրոպա լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆ, ինչը բացառիկ իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար:

Երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը նշում է, որ «Փյունիկը» զարգացող ակումբ է, և, եթե նախորդ տարի առաջին փուլում պարտվել էր 1:9 հաշվով, ապա այս տարի գրանցել է հաջողություններ:

«Մեզ համար անակնկալ չէր թիմի հաջողությունները։ Մենք թիմ ենք հավաքել և վերջին ամիսներին մեր առաջ նպատակ ենք դրել լավ խաղալ հենց եվրագավաթներում։ Մենք ցանկանում էինք անակնկալ մատուցել «Մաքքաբիի» համար՝ նոր մարտավարություն փորձարկելով»։

Անդրեյ Տալալաևը նշում է, որ իրենց հիմնական նպատակը լավ խաղալն է, թիմի վստահությունը աստիճանաբար ավելանում է, և, եթե թիմը նախկինում մտածում էր պաշտպանության մասին, ապա հիմա շեշտը դրվելու է երեք հարձակվողների վրա:

Հայկական ակումբի գլխավոր մարզիչը նշում է նաև, որ իրենք շատ հարգում են մրցակցին և գիտեն, թե որքան պրոֆեսիոնալ են նրանք: Սակայն Անդրեյ Տալալաևը չի վերլուծում «Մաքքաբիի» խաղը՝ թողնելով դա մրցակցի մարզչին:

«Ֆուտբոլում անակնկալներ չեն լինում։ Եթե թիմին լավ պատրաստես, ապա անակնկալ չի լինի։ Ես իմ թիմի խաղն եմ վերլուծում»։

Անդրեյ Տալալաևն ավելի զգուշավոր ֆուտբոլ է կանխատեսում, իսկ թիմի նպատակը հաջորդ փուլ դուրս գալն է:

«Մաքքաբիի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչի խոսքով՝ իր ֆուտբոլիստներն անելու են այն, ինչ պետք է անեն:

Իվիչը նշում է, որ իր թիմը մանրամասն վերլուծել է մրցակցի խաղը, առաջին խաղում կատարած սխալները և արել է համապատասխան շտկումներ:

Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 21:30-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս