Թրամփը չեղարկեց ԱՄՆ-ի հակառակորդների դեմ կիբեռգրոհների սահմանափակումները. WSJ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը վերանայում է կիբեռանվտանգության ապահովման միջոցների դիրեկտիվը: Այդ մասին հայտնել է Wall Street Journal (WSJ) թերթը:
Դիրեկտիվ 20-ը, որն ավելի վաղ ստորագրել էր նախագահ Բարաք Օբաման, իրենից ներկայացնում է կիբեռանվտանգության ապահովման պլան, որը բովանդակում է կիբեռտարածության սպառնալիքների դեմ պայքարում ֆեդերալ մարմինների գործունեությունը որոշող ստանդարտների մեծ լրակազմ:
Ինչպես նշել է հրատարակությունը, Թրամփի հրամանագրով «վերացվում են» այն պայմանների «սահմանափակումները», որոնց դեպքում նախագահը կարող է դիմել «իր հակառակորդների դեմ կիբեռզենքի կիրառման»: Դրա հետ մեկտեղ, թերթը նշում է, որ իրեն չի հաջողվել իր աղբյուրներից ստանալ փոփոխությունների մանրամասները, թեեւ նրանք խոստովանել են, որ հրամանագիրն ստորագրված է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: