Արմեն Սարգսյանն Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հետ է կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին:

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Օլեգ Եսայանին հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: Օլեգ Եսայանը հետ է կանչվել նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Բելառուսում Հայաստանի դեսպան է նշանակվել Արմեն Ղևոնդյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արմեն Ղևոնդյանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»,- ասված է հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Ղևոնդյանը նշանակվել է  Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ:

Տեսանյութեր

Լրահոս