Նոր Զելանդիայում ուսուցիչների գործադուլի պատճառով չեղարկվել են 400 հազար դպրոցականների պարապմունքները
Նոր Զելանդիայում ուսուցիչների համազգային գործադուլն օգոստոսի 15-ին հանգեցրել է 400 հազար դպրոցականների պարապմունքների չեղարկման: Այդ մասին հայտնել է Television New Zealand հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ գործադուլին մասնակցել են 29 հազար ուսուցիչներ, նրանք բոլորը «Նոր Զելանդիայի կրթության ինստիտուտ» արհմիության անդամներ են:
Բողոքի ակցիաներ են անցկացվել երկրի բոլոր խոշոր քաղաքներում եւ տարածաշրջանային կենտրոններում: Բողոքի մասնակիցները պահանջում են 16 տոկոսով աշխատավարձի բարձրացում՝ գալիք երկու տարվա ընթացքում եւ դասարաններում աշակերտների թվաքանակի նվազեցում:
Ինչպես հեռուստաալիքին հայտնել է գործադուլին մասնակցող ուսուցիչներից մեկը՝ Պատ Սվենսոնը, ներկայում ինքը վաստակում է տարեկան մոտավորապես 70 հազար նորզելանդական դոլար (մոտավորապես 46 հազար դոլար): Սվենսոնի կարծիքով, իր աշխատանքային փորձով հարեւան Ավստրալիայում ինքը կստանար 20 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ:
Պալմերստոն-Նորտ քաղաքի դպրոցի տնօրեն Հարի Պանլերը նշել է, որ կրթական համակարգը «վերջին տասը տարվա ընթացքում անբավարար ֆինանսավորման հետ կապված խնդիր ունի»: Նրա խոսքով՝ իր ղեկավարած դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորում Է 28-ից մինչեւ 32 աշակերտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: