ԵՄ-ն Ադրբեջանից պահանջել Է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին

Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին հինգ տարվա բանտարկությունից հետո պայմանական ազատ արձակելու Շեքիի վերաքննիչ դատարանի վճիռը երկար սպասված քայլ է, հայտարարել է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:

«Եվրամիությունը Եվրոպայի խորհրդի հետ մեկտեղ ուշադրությամբ հետեւում է Մամեդովի գործին: Սպասվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները լիովին կկատարվեն»,- ասված է օգոստոսի 14-ի երեկոյան Բրյուսելում տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ:

Դրանում նշված է, թե Եվրամիությունը հույս ունի, որ «Ադրբեջանի՝ որպես ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ի անդամի միջազգային պարտավորություններին համապատասխան, անվերապահորեն ազատ կարձակվեն եւ կարդարացվեն բոլոր նրանք, ովքեր ներկայում գտնվում են կալանքի տակ կամ տեղաշարժման սահմանափակումների են ենթարկված քաղաքական դրդապատճառներով»:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Ադրբեջանի Գերագույն դատարանը վճիռ է կայացրել Մամեդովի գործը, որը դատապարտված է յոթ տարով, վերադարձնել Շեքիի վերաքննիչ դատարանի քննությանը: Օգոստոսի 13-ին հայտնել էին, որ նա ազատ է արձակվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս