Ժան-Պոլ Բելմոնդոն կարող է վերադառնալ կինո. Corse-Matin
Ֆրանսիացի 85-ամյա դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն հայտարարել է, որ պատրաստ է կրկին աշխատանքի վերադառնալ կինոյում: Այդ մասին նա հայտնել է հարցազրույցում, որը հրապարակվել է Corse-Matin տարածաշրջանային թերթում: Այժմ Բելմոնդոն հանգստանում է Կորսիկայի Սեն-Ֆլորան քաղաքում (կղզու հյուսիսային մաս):
«Ներկայում ես ոչ մի տեղ չեմ նկարահանվում, ֆիլմի մասնակցելու շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռեւս ձեռք չի բերվել: Բայց ես խորհրդածում եմ մի ամբողջ շարք առաջարկությունների վրա, ինչպես նաեւ հույս ունեմ, որ ինձ նոր առաջարկություններ կարվեն»,-ասել է Բելմոնդոն:
Նա պատասխանել է հայտնված այն պնդումների վերաբերյալ հարցին, թե ինքը խաղալու է ռեժիսոր Ֆաբիեն Օնտենիենտեի՝ Ֆրանսիայում լայն ժողովրդականություն վայելող «Քեմպինգ» կինոկատակերգության (2006 թ.) հեղինակի նոր ժապավենում:
«Ես ցանկություն ունեմ նկարահանվել կինոյում. այդ կիրքը, ըստ էության, երբեք էլ ինձ չի լքել: Բայց միեւնույն ժամանակ ցանկանում եմ, որ այդ ամենը լինի լավ կազմակերպված»,-նշել է Բելմոնդոն, ընդգծելով, որ «հավատում Է ապագային», հաղորդել է ՏԱՍՍ-ը: