 
                        Կոլումբիայում 30 000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
 
                                    Հեղեղումների պատճառով առնվազն 30 հազար մարդ է տարհանվել Կոլումբիայի հարավ-արեւմուտքի Մոկոա մունիցիպալիտետում, որն իշխանությունների կողմից հայտարարվել է ազգային տարերային աղետի շրջան: Այդ մասին հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Ռիկարդո Լոսանոն:
«Երեսուն հազար մարդ տարհանված է, չորս հոգի՝ հոսպիտալացված»,- նախարարի խոսքը մեջբերում Է RCN ռադիոկայանը: Լոսանոն հավելել է, որ ջրի հոսքերը քանդել են երեք կամուրջ: Նաեւ հաղորդվում է տների ավերման մասին, խախտվել է խմելու ջրի մատակարարման համակարգը:
«Մենք ուշադիր հետեւում ենք Մոկոայում ստեղծված իրադրությանը… Բարեբախտաբար, զոհեր չկան, բայց մենք իրադրությանը պետք է հետեւենք շատ ուշադիր»,- հայտարարել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, որի տեսաուղերձը հրապարակված է Twitter-ի նրա միկրոբլոգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        