Խամենեին արգելեց բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դեմ է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելուն: Այդ մասի նա գրել է Twitter-ի իր Էջում: «Ես արգելում եմ բանակցություններ վարել Ամերիկայի հետ»,- ասել է Խամենեին:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները հնարավոր են «միայն այն ժամանակ, երբ Իրանը վստահ կլինի, որ Վաշինգտոնն իրեն չի խաբի»: «Այսօր նման վստահություն չկա»,- հավելել է նա: Հոեւոր առաջնորդը նաեւ ընդգծել է, որ «ԱՄՆ-ը միջուկային գործարքի շուրջ պայմանավորվածությունները խախտեց այն բանից հետո, երբ ստացավ այն, ինչն իրեն հարկավոր էր»:
«Գործողություների համատեղ համապարփակ ծրագրից Ամերիկայի դուրս գալն ապացուցում է, որ Վաշինգտոնին չի կարելի վստահել»,- նշել է նա: Մինչ այդ Խամենեին նշել Էր, որ Իրանի տնտեսական խնդիրների արմատը ոչ միայն ամերիկյան պատժամիջոցներն են, այլեւ ներքին ղեկավարության սխալները:
«Տնտեսության փորձագետները եւ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ գտնում են, որ այդ խնդիրը ոչ միայն արտաքին, այլ ներքին պատճառ ունի: Հիմնական խնդիրը պատժամիջոցները չեն, այլ այն, թե մենք ինչպես ենք դրանցից գլուխ հանում»,- ասել է նա: «Անարդյունավետ կառավարումը հասարակ իրանցիների վրա ավելի մեծ ճնշում է գործադրում, քան պատժամիջոցները:
Ես դա չեմ կարող դավաճանություն համարել, բայց դա մեծ սխալ է կառավարման գործում»,-հավելել է Ալի Խամենեին: Իր հերթին Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը օգոստոսի 13-ին Al Jazeera հեռուստաալիքին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից գործադրվող տնտեսական ճնշումն ու սպառնալիքներն Իրանին երբեք չեն ստիպի փոխել իր քաղաքականությունը մերձավորարեւելյան տարածաշրջանում: Դրա հետ մեկտեղ՝ Զարիֆը բացառել է Վաշինգտոնի հետ երկխոսության հնարավորությունը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը որակելով «քարոզչություն»:
Միացյալ Նահանգների հետ ցանկացած երկխոսություն կսկսվի միայն այն ժամանակ, երբ նա կգործի որպես մի պետություն, որը հարգում է մյուսներին, եւ կդադարեցնի պատժամիջոցների գործողությունը»,-պարզաբանել է դիվանագետը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին:
Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում:
Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: