Չեղարկվել է Իրաքի վարչապետի այցն Իրան. Mehr
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի այցն Իրան չի կայանա: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի վարչապետի դիվանատունը:
Գործակալության տվյալներով՝ Իրան ալ Աբադիի այցը չեղարկված է: Մինչդեռ Իրաքի վարչապետը, ինչպես եւ պլանավորվում էր, օգոստոսի 14-ին այցով կժամանի Թուրքիա:
Օգոստոսի 10-ին Իրաքի Կենտրոնական բանկը առեւտրային բանկերին ծանուցել էր Իրանի վարկային հիմնարկությունների հետ դոլարով տրանզակցիաների անցկացումն արգելվելու մասին: Ընդսմին Իրաքի Կենտրոնական բանկը չի առարկում Իրանի հետ գործառնություններում եվրոյի օգտագործմանը, ինչը, նրա տվյալներով, «կախված է Եվրամիության Կենտրոնական բանկի եւ համապատասխան թղթակից-բանկերի պահանջներից»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի սկզբին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից: Նա հայտնել է Թեհրանի դեմ բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, այդ թվում՝ երկրորդայինների, այսինքն՝ այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
Իրաքը տարեկան 6,6 մլրդ դոլարի ապրանք է գնում հարեւան Իրանից: Բացի սննդամթերքից, Իրանն իրաքյան շուկային մատակարարում է ավտոմեքենաներ ու դրանց պահեստամասեր, կենցաղային տեխնիկա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: