Ռուսաստանը կնվազեցնի ներդրումները ԱՄՆ պետական պարտատոմսերում. Սիլուանով
Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի նվազեցնել ներդրումները ԱՄՆ պետական պարտատոմսերում և կարող է դադարեցնել գլոբալ վճարումներ կատարել դոլարով` ի պատասխան Վաշինգտոնի՝ Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ֆինանսների նախարարն օգոստոսի 12-ին Россия-1 հեռուստաալիքին հայտնել է, որ Ռուսաստանը նվազեցրել է իր ներդրումները «ամերիկյան տնտեսության և ամերիկյան արժեթղթերի մեջ՝ հասցնելով դրանք նվազագույն մակարդակի և կշարունակի նվազեցնել»:
Նա նաև չի բացառել, որ միջազգային վճարումների պարագայում դոլարը կարող է դուրս մղվել և վճարումները կատարվեն ոչ թե դոլարով այլ ազգային տարադրամով։
Դոլարը երկար ժամանակ համարվում էր «միջազգային արժույթ»՝ ասել է Սիլուանովը՝ հավելելով, որ դա այլևս « ռիսկային գործիք է վճարումների համար»:
Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ը հայտարարեց, որ նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի հանդեպ՝ Սկրիպալներին թունավորելու համար:
ԱՄՆ-ն օգոստոսի 6-ին եզրակացրել է, որ Ռուսաստանի կառավարությունը, խախտելով քիմիական ու կենսաբանական զենքի կիրառումն արգելող միջազգային համաձայնագրերը, մահաբեր միջոց է օգտագործել սեփական քաղաքացիների դեմ:
Նախատեսվում է, որ նոր պատժամիջոցների առաջին փուլն ուժի մեջ կմտնի օգոստոսի 22-ին: Կարգելվի ամերիկյան տեխնոլոգիաների, այդ թվում՝օդանավերում օգտագործվող էլեկտրոնիկայի, գազատուրբինային շարժիչների, երկակի նշանակության սարքավորումների արտահանումը Ռուսաստան: