Բաժիններ՝

Հավատա՞լ երազներին, թե՞ ոչ

Երբ մարդն արթնանալուն պես վազում է ջրի մոտ, բայց ոչ թե ջուր է խմում, այլ սկսում է ինչ-որ բան փսփսալ ու պատմել, ապա պետք չէ վախենալ, նա խելագար չէ, ուղղակի որոշել է տեսած երազը «ջրին պատմել»։

Մարդիկ մոռանում են երազների 90%-ը: Արթնանալուց 5 րոպե հետո արդեն երազի կեսը մոռացվում է, 10 րոպե հետո մոռացվում է արդեն 90%-ը։ Ուրեմն արդյո՞ք հարկավոր է փորձել մեկնաբանել դրանք կամ հավատալ դրանց։

Հավատա՞լ երազին, թե՞ ոչ։

Շատ հազվադեպ լինում են երազներ, որոնք Աստծուց են, սակայն մյուս կողմից պետք է գիտակցել, որ Աստված Իր կամքն արդեն մեզ հայտնել է Ավետարանի միջոցով։ Այսինքն, տեսականորեն դժվար է պատկերացնել, որ Աստված Իր կամքը կբացահայտի երազի մեջոցով։ Նշանակում է, որ երազների հետ չի կարելի կապել մեր ապագան կամ որևէ հույս դնել դրանց վրա:

«Երազը ջրին պատմել»։

Երազների մեծ մասը մեր առօրյա հոգսերի, խնդիրների և կյանքի արտացոլումն է։ Դրանք կպատմենք ջրին, հողին, կպահենք մեր սրտում, թե առավոտյան արթնանալով՝ չենք էլ հիշի՝ որևէ բան չի փոխվի մեր կյանքում: Պարզապես այդ սովորույթը սնոտիապաշտություն է։

Ի՞նչ անել, որ այլևս վատ երազներ չտեսնես։

Եկեղեցու հայրերն, առհասարակ, խորհուրդ են տալիս աղոթել: Իսկ վատ երազներից ոչ ոք ապահովագրված չէ։ Մանավանդ, որ վատ երազները մեր կյանքի մտահոգությունների, վախերի ու անհանգստությունների արտացոլումն են։ Ուստի պետք է այդ իրական անհանգստությունները վերացնել։

Ինչպե՞ս վարվել, երբ երազում մահացած մարդու ենք տեսնում։

Եթե մահացած որևէ մեկին ենք տեսնում երազում, օտար թե հարազատ, նման դեպքերում պետք է աղոթել նրա համար, քահանային խնդրել հոգեհանգիստ կատարել եկեղեցում կամ գերեզմանատանը և ողորմություն բաժանել աղքատներին մահացածի հոգու փրկության համար:

Շատ ժամանակ մարդիկ երազում եկեղեցի են տեսնում և որոշում, որ դա Աստծո կողմից նշան է։ Եկեղեցի գնալը չպետք է պայմանավորված լինի երազով, այլ՝ Աստծուն հանդիպելու իրական ցանկությամբ։

Արդյո՞ք նշանակություն ունեն հաճախակի կրկնվող երազները։

Ինչպես մեկ անգամ տեսած երազը պետք չէ կարևորել ու իմաստը փնտրել, այնպես էլ՝ հաճախակի կրկնվող երազի պարագայում։

Ի՞նչ է նշանակում երազում Աստծուն տեսնելը։

Չարն էլ կարող է Աստծո պատկերով հայտնվել երազում։ Սովորաբար պետք չէ որևէ երազ կարևորել ու դրա իմաստը փնտրել, այլ՝ անտեսել։ Եթե երազն Աստծուց է, միայն Աստված կարող է դրա իմաստը բացատրել։ Ուստի պետք չէ դիմել որևէ մեկի կամ երազահանի օգնությանը։

Նախշ Ավոյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս