«Ոչ ոք ինձ չի երաշխավորել տեղ մեկնարկային կազմում». Կուրտուա
Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է իր՝ «Չելսիից» «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունը:
«Այսօր կատարվեց իմ մանկության երազանքը: Ես միշտ երազում էի այս մարզադաշտում լինելու մասին՝ որպես «սերուցքայինների» խաղացող: Սա աշխարհի լավագույն ակումբն է:
Այս ամռանը շատ առաջարկներ ունեի: Դրանցից ոմանք ավելի շահավետ էին, բայց երբ ես իմացա «Ռեալի» հետաքրքրության մասին, ես անգամ կասկած չունեի, որ ուզում եմ այստեղ տեղափոխվել: Փոքր տարիքում ես միշտ հիացել եմ մադրիդյան ակումբով՝ շնորհիվ Իկեր Կասիլիասի:
Կեյլոր Նավասը հիանալի դարպասապահ է: Նա օգնեց թիմին նվաճել բազմաթիվ գավաթներ: Ես միացա ակումբին, որպեսզի օգնեմ իմ հատկանիշներով: Ոչ ոք ինձ չի երաշխավորել տեղ մեկնարկային կազմում: Նույնը տեղի էր ունենում նաև «Չելսիում», որտեղ ես խաղում էի Պետեր Չեխի հետ:
Ինչ վերաբերում է «Ատլետիկոյին», ես շատ հարգում եմ այս թիմին: Կարծում եմ՝ ես արժանի եմ նրանց հարգանքին: Բայց հիմա ես այլ թիմում եմ»,- նշել է Կուրտուան:
Սիրարփի Աղաբաբյան