Յուրի Խաչատուրովին փոխարինողի անունը դեռևս չի քննարկվել. այս պահին նա շարունակում է իր գործունեությունը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինողի անունը դեռևս չի քննարկվել, և մինչ այդ պետք է որոշ գործընթացներ իրականացվեն: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Յուրի Խաչատուրովին փոխարինողի անուն դեռևս չի քննարկվել, և այս պահին նա շարունակում է իր գործունեությունը: Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել, որ որոշ պրոցեդուրաների և կոնսուլտացիաների գործընթաց է սկսվել: Այդ ամենից հետո կլինեն թեկնածության վերաբերյալ քննարկումներ»,- նշեց Տոնոյանը:
Հարցին, արդյոք ՀԱՊԿ-ում Հայաստանի կողմից առաջարկվող նոր թեկնածուն կմերժվի՞, թե՞ ոչ, նախարարն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոլեգիալ՝ կոնսենսուսով: