«Ներդրողների բանակ է ձևավորվել». Արծվիկ Մինասյան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ ներդրումներ անելու ցանկություն հայտնողների բանակ է ձևավորվել: Նա խոստացավ ներկայացնել, թե բիզնես դաշտում ներդրումային հետաքրքրությունների և բարեփոխումների ճանապարհային քարտեզը ինչպես է մեծացել ներդրումային ոլորտում:
Ա.Մինասյանը նշեց, որ գործընկերների հետ ակտիվ աշխատում են այս դաշտում, և օրինակ բերեց՝ անձը գալիս է ներդրումային փաթեթով էներգետիկայի ոլորտում, հանդիպում է կազմակերպվում նախարարությունների և ՊԵԿ-ի հետ, որոշումները կայացվում են և ընթացք է տրվում. «Իհարկե, խնդիրներ շատ կան, բայց դրականը կա, սպասվում է, նաև ավելի մեծ մասշտաբներ ենք ունենալու, ներառյալ՝ նաև զբոսաշրջության աճով պայմանավորված»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե փաստորեն զբոսաշրջության աճ կա՞:
Ա.Մինասյանը տեղեկացրեց, որ արդեն կիսամյակի տվյալներով 12% աճ կա, սպասում են ավելի մեծ աճի աշնանային շրջանում: Նա նկատեց, որ էթնո, էկոտուրիզմին գումարվել է նոր Հայաստանը տեսնելու տուրիզմը:
Ն.Փաշինյանը ևս մեկ անգամ արձանագրեց, որ ՀՀ կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը, այսինքն՝ սա նշանակում է, որ որևէ ներդրում որևէ ձևով չի կարող որևէ վտանգի ենթարկվել՝ պայմանով, որ այն օրինական է:
Նա շեշտեց, որ ցանկացած ներդրում և ներդրող ազատված է որևէ կոռուպցիոն պարտավորությունից որևէ մակարդակում, իսկ եթե հանկարծ դա լինի, իրավապահների և կառավարության խնդիրն է՝ լուծել և պատասխանատվության ենթարկել նրանց, որ փորձում են որևէ կոռուպցիոն պարտավորություն ձևավորել: Վարչապետը խոստովանեց, որ այս պահին բիզնեսի և կառավարության երկխոսության խողովակները դեռևս լիարժեք չեն ստեղծվել և գործարկվել, բայց պետք է ստեղծվեն:
Նա ընդգծեց աշխատանքի քարոզչությունը և կարևորությունը, որը չափազանց կարևոր շեշտադրում է, մանավանդ՝ այսօր: Ըստ նրա՝ տարիներ շարունակ խոսվել է, որ շուկաները սահմանափակ են, որևէ տնտեսական գործունեություն ծավալելու համար պետք է ինչ-որ մարդու դաբրո.
«Այսօր այս բոլոր խոչընդոտները վերացված են, և այսօր խնդիրը տեղափոխվել է աշխատանքի դաշտ, ստեղծագործության, մտքի դաշտ և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և մեր հայրենակիցներին արտերկրի և ցանկացած պոտենցիալ ներդրողի ես ուզում եմ ուղղել հետևյալ ուղերձը՝ ՀՀ-ն մի երկիր է, որտեղ հետևողական, գրագետ կազմակերպված աշխատանքով կարելի է հասնել լրջագույն արդյունքների: Եվ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի և անում է, որպեսզի աշխատանքի համար նպաստավոր այս դաշտը հավասար հնարավորությունների դաշտ ապահովի:
Այնպես որ, արձանագրված ցուցանիշներին մենք հույս ունենք նոր լիցք, նոր էներգիա հաղորդել, որպեսզի հասնենք նրան, ինչը մեր կառավարության ծրագրում գրել էինք: Խոսքը ներառական տնտեսական աճի մասին է, որը իրենց վրա զգան հնարավոր մեծ թվով մարդիկ, ի վերջո, ՀՀ բոլոր քաղաքացիները»: