Բաժիններ՝

Արգենտինայի Սենատը դեմ քվեարկեց աբորտների թույլատրմանը

Արգենտինայի Սենատը լույս օգոստոսի 9-ի գիշերը մերժեց երկրում աբորտների օրինականացման օրինագիծը: Այդ մասին հաղորդվում է Twitter-ում Արգենտինայի Կոնգրեսի վերին պալատի պաշտոնական օգտահաշվում:

Հունիսին այդ փաստաթուղթն ստացել էր խորհրդարանի ստորին պալատի հավանությունը: Վերին պալատի կողմից հավանության դեպքում այն պետք է ներկայացվեր նախագահ Մաուրիսիո Մակրիի ստորագրմանը: Պատգամավորների պալատում կայացած քվեարկությունը դրա ներկայացուցիչներին բաժանել էր գրեթե երկու հավասար մասի. փաստաթղթին հավանություն էր տվել 129 պատգամավոր, դեմ էին արտահայտվել 125-ը, եւ մեկը ձեռնպահ է մնացել:

Ինչպես Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է խորհրդարանի վերին պալատը, ընդամենը նախագծի օգտին քվեարկել է 31 սենատոր, դեմ են արտահայտվել 38-ը, երկուսը ձեռնպահ են մնացել: Արդյունքում փաստաթուղթը մերժվել է:

Լատինական Ամերիկայում աբորտները թույլատրված են միայն Ուրուգվայում, Կուբայում եւ Գայանայում, ինչպես նաեւ Պուերտո Ռիկոյում: Մեքսիկայում հղիության կամավոր ընդհատումը հնարավոր է միայն մայրաղաղաք Մեխիկոյում: Լատինամերիկյան երկրների մեծ մասում աբորտները հնարավոր են միայն բժշկական ցուցումներով: Աբորտները լիովին արգելված են Չիլիում, Սուրինամում, Սալվադորում, Հաիթիում, Հոնդուրասում, Նիկարագուայում եւ Դոմինիկյան Հանրապետությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս