Բաժիններ՝

«1000 դրամների» հիմնադրամի շահառուների թիվն ընդլայնվում է. օրենքը կտարածվի 2015-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա

«Դե ֆակտո որոշումը կայացված է, մնում է դե յուրե կայացնել: Խոսքը ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց և նրանց հարազատներին հատուցելու մասին օրենքի նախագծի մասին է: Դա հանրության շրջանում հայտնի է որպես 1000 դրամների մասին օրենք: Նախատեսվում էր, որ այդ մեխանիզմի շահառու են համարվում 2017 թ. հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերով զոհված կամ հաշմանդամություն ստացած անձինք կամ նրանց հարազատները: ՊՆ հետ քննարկեցինք և պարզեցինք, որ կա հնարավարություն այդ ամսաթիվը 2 տարով հետ տանել, օրենքի նախագիծը կտարածվի 2015 թվականից հետո տեղի ունեցած դեպքերին»,- այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 15:00-ին կայանալու է նշված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, օրակարգում ներառված է 2015-16 թթ. ընթացքում նշված չափանիշներին համապատասխանող զինծառայողներին շահառու ճանաչելու հարցը:

«Ընդհանուր առմամբ՝ շահառու կարող են դառնալ 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ»,- ասաց Դ.Տոնոյանը:

Ըստ Ն.Փաշինյանի՝ մի նուրբ պահ կա, որ ապրիլյանի զոհերը և տուժածներն այդ օրենքի շահառու չէին համարվում. «Սա կարևոր որոշում է»:

Վարչապետը դիմեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ ասելով, որ կան ոչ անհայտ ընկերություններ, որոնք վճարումները չեն կատարում, կամ պարտքեր ունեն: Նա նշեց, որ ընկերությունների անունները կփոխանցի, և կոչ արեց բոլոր ընկերություններին վճարումները կատարել:

Ն.Փաշինյանի կարծիքով՝ հիմնադրամը պետք է մեծանա, որպեսզի շահառու դառնան ավելի վաղ ժամանակում զոհված կամ տուժածների ընտանիքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս