Բարդուղ Գալստյանն իրավունք չունի օգտագործելու կուսակցության անունն ու խորհրդանշանները. ՌԱԿ

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա սեպտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալու է խորհրդարանի մասնակի՝ մեծամասնական կարգով թափուր տեղի համար ընտրություն, որին մասնակցելու հայտ են ներկայացրել շուրջ մեկ տասնյակ թեկնածուներ, որոնց թվում` ոմն Բարդուղ Գալստյան, որը թեև թեկնածուների ցուցակում գրանցվել է այլ կազմակերպության անունով, սակայն հանրությանը ներկայանում է որպես Ռամկավար Ազատական կուսակցության անդամ և նախընտրական պլակատներում օգտագործում է ՌԱԿ խորհրդանշաններն ու անունը:

ՌԱԿ Կենտրոնական վարչությունն իր պարտքն է համարում սույն հայտարարությամբ ԼՂՀ իշխանություններին և ի մասնավորի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրության հանձնել այն պարագան, որ վերոհիշյալ անձը չի հանդիսանում և չի հանդիսացել Ռամկավար Ազատական կուսակցության անդամ, հետևաբար իրավունք չունի օգտագործելու կուսակցության անունն ու խորհրդանշանները: Այս առիթով պարտք ենք համարում հիշեցնել նաև, որ ՌԱԿ-ը ԼՂՀ տարածքում չունի կազմակերպական ներկայություն և, հետևաբար, գրանցված չէ:

Միաժամանակ ցանկանում ենք տեղյակ պահել ՌԱԿ Սփյուռքի կառույցներին և անհատ ընկերներին, որ վերոհիշյալ անձը, որը քանիցս ապացույցն է տվել իր խարդախ նկարագրի, ուղղակի թե միջնորդավորված ձևով այս օրերին խնդրագրեր է ներկայացնում նյութական օգնություն ստանալու նպատակով, իբր նախընտրական ծախսերի համար, ինչը, բնականաբար, արտոնված չէ և համարվում է հանցագործություն:

Հորդորում ենք Սփյուռքի մեր ընկերներին զերծ մնալ հանցագործությանը սատարելուց:

Կենտրոնական Վարչություն

Տեսանյութեր

Լրահոս