Ռուբեն Սահակյանը գոհ է ՀՔԾ պետի ձևակերպումներից և նրան ընդունում է Քոչարյանի պաշտպանական խումբ

0038 հայտնի հրամանը ստեղծվել է՝ կանխելու համար բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներին։ Նման հայտարարություն այսօր ասուլիսի ժամանակ արեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

«ՊՆ 2 փոխնախարարներ՝ հայտնի կամ քողարկված, իրենց աջակցությունն են հայտնել ցուցարարներին, ԵԿՄ-ում խմորումներ էին գնում, որը զինված կառույց է։ Այս տեսանկյունից պետք է գնահատել 0038 հրամանը, որով ստեղծվում են խմբեր՝ հնարավոր բանակի հետագա ներգրավումը քաղաքական գործընթացներին կանխելու համար»,- ասաց նա՝ հերքելով երեկ ՀԾՔ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունը, որ բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներում:

Ըստ նրա՝ 0038 հրամանից դա չի բխում, իսկ փետրվարի 23-ին ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե հետագա իրադարձություններն ինչպես կզարգանան:

Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը գոհունակություն հայտնեց ՀՔԾ պետի ձևակերպումներից և նկատեց, թե իրենց 5 հոգանոց պաշտպանական խումբը համալրվեց ևս մեկ փաստաբանով:

Կարդացեք նաև

«Սիրով ընդունենք նրան մեր փաստաբանական խումբ»,- ասաց Ռ.Սահակյանը:

Նա ՀՔԾ պետի ելույթից առանձնացրեց մի միտք, որ Քոչարյանը չի մասնակցել քննչական գործողության և լքել է քննչական գործողությունների սենյակը՝ առանց բացատրություն տալու.

«Նա գնահատական է տալիս Քոչարյանի այդ քայլին, որ հրաժարվել է մասնակցել քննչական գործողությանը: Ինչպես է նա ներկայացնում Քոչարյանի վարքագիծը հասարակությանը։ Ասում է՝ այդպիսի վարքագիծը հարիր չէ այն անձին, ով պատրաստ էր… Կուզեք լսել շարունակությունը, բայց շարունակություն չկա։ Նա հանդիմանեց Քոչարյանին, բայց կիսատ մնաց իր միտքը: Այս խոսքերից հետո ասաց, որ նա օժտված է լռելու իրավունքով»:

Ըստ փաստաբանի՝ եթե քիչ առաջ ասում ես՝ հարիր չէ, ինչո՞ւ ես շարունակությունն ասում, կամ, եթե շարունակությունն ասում ես, ինչո՞ւ ես նրա օրինական գործողությունները քննադատում. «Ո՞վ է քեզ այդ իրավունքը տվել»:

«Մենք ունենք տասնյակից ավելի Եվրոպական դատարանի որոշումներ, որտեղ նույն այսպիսի կարծրատիպային որոշումներով մերժվել են կամ բավարարվել են կալանքի որոշումները, և ՄԻԵԴ-ը տասնյակ-հազար եվրոների տուգանքի առաջ է կանգնեցրել հանրապետությանը։ Հիմա նույնը կրկնվում է»,- նախազգուշացրեց Ռ.Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս