Անգելա Մերկելի այցի օրակարգից փորձում են դուրս թողնել քաղաքական այլ կարծիք հայտնողներին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանելու Գեմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Թեպետ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը հրավիրված ճեպազրույցում չի հաստատել այս տեղեկություները, սակայն մեզ հայտնի դարձավ, որ պետական ապարատը լծվել է այցի նախապատրաստական աշխատանքներին:

Մասնավորապես, Հայաստանի ԱԳՆ-ն ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Մերկելի այցի ծրագրից հանի անցանկալի հանդիպումները: Դրանց թվին է նախ դասվում հնարավոր հանդիպումն ԱԺ նախագահի հետ:

Այս գործողությունների նպատակն է՝ այլ քաղաքական կարծիք հայտնողներին հնարավորինս մեկուսացնել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայից:

Հիշեցնենք նաև, որ հայ-գերմանական խորհրդարանական խմբի ղեկավարն է ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, իսկ ՀՀԿ խմբակցությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով արված իր հայտարարության մեջ հատուկ ընդգծել է, որ Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին պատրաստվում է բարձրաձայնել միջազգային հարթակներում:

Հիշեցնենք, որ «168 Ժամի» դիվանագիտական աղբյուրների հավաստմամբ՝ օգոստոսին նախատեսվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան, այնուհետև՝ Վրաստան:

Այցի առիթն է դեռևս 2017 թվականի Արևելյան գործընկերության Բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կանցլերին հղված հրավերը: Հայտնի է նաև, որ Մերկել-Սարգսյան շփումներ էին եղել նաև Եվրոպական Ժողովրդական կուսակցության շրջանակներում, իսկ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը ՀՀԿ-ի ամենակարևոր միջազգային գործընկերներից մեկն է:

Գերմանիայի կանցլերի գրասենյակից այցի մասին տեղեկատվությունը փորձել էր ճշտել «Արմենպրեսը»։

Գերմանիայի կառավարության խոսնակը, սակայն, որևէ մեկնաբանություն չէր տվել հնարավոր այցի վերաբերյալ: «Կանցլեր Մերկելի հանդիպումների ու այցերի մասին մենք սկզբունքայնորեն հաղորդում ենք նախորդող ուրբաթ օրը»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել էր Գերմանիայի կառավարության խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս