Յուրի Խաչատուրովի փոխարեն առաջարկել են Վաղարշակ Հարությունյանին
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարեն ցանկություն են հայտնել առաջադրել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար (1999-2000թթ.) Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ Վ. Հարությունյանը 1992-94 թվականներին ԱՊՀ միավորված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալն էր, իսկ 1994-99 թվականներին՝ ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական համագործակցության համադրման շտաբի պետի տեղակալը և ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը:
ՀՀ իշխանությունները Վ. Հարությունյանի թեկնածությունը դիտարկելով՝ փորձում են սիրաշահել ռուսական կողմին՝ հաշվի առնելով Վ. Հարությունյանի փորձառությունը, անցած պրոֆեսիոնալ ճանապարհը և ռուսական կողմի՝ նրա նկատմամբ դրական վերաբերմունքը։
Մեր աղբյուրների հավաստմամբ, սակայն, Վ. Հարությունյանը մերժել է առաջարկը՝ ասելով, որ նա այդ «խաղը չի խաղում»։
168.am-ը փորձեց կապ հաստատել Վ. Հարությունյանի հետ, սակայն վերջինս չէր պատասխանում հեռախոսազանգերին։
Ի դեպ, Վ. Հարությունյանը գործուն մասնակցություն է ունեցել նաև ԱՊՀ «Համատեղ անվտանգության պայմանագրի» համակարգի ձևավորման, հայ-ռուսական ռազմատեխնիկական ու ռազմաքաղաքական հարաբերությունների հաստատման, ՀՀ հակաօդային պաշտպանության համակարգի հզորացման, ՌԴ-ում ՀՀ ԶՈՒ սպայական կադրերի պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության 1994 թվականին կնքված զինադադարի պայմանագրի կազմման, ստորագրման ընթացակարգի աշխատանքներում: Հարությունյանը մասնակցել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին: