Բաժիններ՝

«Աստղային պատերազմների» ռեժիսորը հայտնել է սագայի 9-րդ էպիզոդի նկարահանումներն սկսելու մասին

Ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը հայտնել է «Աստղային պատերազմներ» սագայի իններորդ էպիզոդի նկարահանումներն սկսելու մասին: «Ուրախալի է ու տխուր նոր մասն առանց Քերիի սկսելը, բայց հիանալի դերասանների (դերասանական կազմի) եւ նկարահանման խմբի շնորհիվ մենք պատրաստ ենք ձեռնամուխ լինել (նկարահանումներին)»,- գրել է Աբրամսը Twitter-ի իր օգտահաշվում:

Նա նաեւ հատուկ շնորհակալություն է հայտնել Ջորջ Լուկասին «այս անհավանական աշխարհի եւ պատմության ստեղծման համար, որի մասը դառնալու երջանկությունն ենք ունեցել»:

Պլանավորվում է, որ «Աստղային պատերազմների» իններորդ էպիզոդը, որն ավարտում է երրորդ եռերգությունը, էկրան կբարձրանա 2019 թվականի դեկտեմբերին: Քերի Ֆիշերը, որը «Աստղային պատերազմներ» կինոպատումում մարմնավորել է արքայադուստր Լեային, 2016 թվականի դեկտեմբերի 27-ին վախճանվել է կյանքի 61-րդ տարում:

«Աստղային պատերազմները» 1970-ական թվականների սկզբին մտահղացել է Ջորջ Լուկասը: Կինոսագայի վեց էպիզոները թողարկվել են 1977, 1980, 1983, 1999, 2002 եւ 2005 թվականներին:

2012 թվականի հոկտեմբերին Լուկասը Lucasfilm-ը 4,5 մլրդ դոլարով վաճառեց Walt Disney կորպորացիային: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Disney-ը «Աստղային պատերազմները» շարունակելու մտադրություն ունի: 2015 թվականին թողարկվել է կինոֆրանշիզայի յոթերորդ էպիզոդը՝ երրորդ եռերգության սկիզբը, 2017 թվականին՝ ութերորդը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս