Նորից սկսել են հրապարակել պատգամավորների հեռախոսահամարները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ չորս տասնյակից ավելի պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար: Ընդհանուր առմամբ, դժվար է այդ փաստն առանձնապես անակնկալ համարել:

Դժվար է անակնկալ համարել նաև այն աղմուկը, որ բարձրացավ սոցցանցերում՝ դրա հետ կապված: Ավելին, դա նույնիսկ բնական էր: Սակայն հայտնվեցին մարդիկ, որոնք ստեղծված իրավիճակում սկսեցին կիրառել նույն մեթոդները, ինչ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները կիրառում էին ապրիլ–մայիսյան հանրահավաքների օրերին:

Նույն այս թիմի որոշ անդամներ վերստին սկսեցին հրապարակել պատգամավորների բջջային հեռախոսահամարները: Ընդ որում, դեռևս մինչև պարզ դառնալը, թե ովքեր են ստորագրել երաշխավորության ներքո: Ավելին, ցուցակներում կային անձինք, որոնք վաղուց պատգամավոր չեն: Իհարկե, պատգամավորի ու ընտրողի կապը շատ կարևոր է, սակայն կա անձնական տվյալների պաշտպանության հարցը: Էլ չենք խոսում զանգվածաբար հնչող սպառնալիքների մասին:

Ոչ ոք չի մոռացել, թե որքան տհաճ իրավիճակներ առաջացան, երբ նշյալ օրերին հրապարակվեցին հեռախոսահամարներն ու նույնիսկ հասցեները: Ինչ վերաբերում է պատճառաբանություններին, ապա «դրանց հասնում է» կարգի անհեթեթ ձևակերպումներն արդեն հնացած են. «հասնում է», թող իրավապահները զբաղվեն, թե չէ, եթե չենք սխալվում, նոր իշխանություններն ասել էին, որ վենդետա ու «սամասուդ» չի լինելու, իսկ նման տվյալների հրապարակումն ի՞նչ նպատակ է հետապնդում, որ մարդիկ զանգեն ու սիրո և համերաշխության խոստովանություննե՞ր անեն, ասենք, ՀՀԿ–ականներին…»:

Տեսանյութեր

Լրահոս