Իտալիայում տապի պատճառով սպառնալիքի «կարմիր» մակարդակ է սահմանվել 18 քաղաքում
Իտալիայի առողջապահության նախարարությունը անոմալ տապի պատճառով, որն այս շաբաթ հաստատվել է Ապենիններում, եղանակային սպառնալիքի «կարմիր» (ամենաբարձր) մակարդակ է սահմանել երկրի 18 խոշոր քաղաքներում։
Առողջապահության նախարարության ամենօրյա տեղեկագրի համաձայն, խոսքը վերաբերում է ամենից առաջ Իտալիայի հյուսիսային ու կենտրոնական շրջանների խոշոր վարչական կենտրոններին, մասնավորապես, Հռոմին, Միլանին, Թուրինին, Վենետիկին, Ջենովային, Բոլոնիային եւ Ֆլորենցիային, որտեղ ջերմաչափի սնդիկի սյունն այժմ ընդհուպ մոտեցել է 40 աստիճանի նշագծին, իսկ առանձին վայրերում նույնիսկ գերազանցել այն:
Օդերեւութաբանները նշում են, որ օգոստոսի 2-ը, ամենայն հավանականությամբ, կարողէ դառնալ 2018 թվականի ամենաշոգ օրն Իտալիայում: Համենայն դեպս, ընթացիկ շաբաթն արդեն դարձել է այս տարվա «ամենաթեժ» շրջանը: Ներկայում Ապենիններում էլեկտրաէներգիայի սպառման ռեկորդային մակարդակ է գրանցվել օդորակիչների եւ այլ սարքերի ակտիվ օգտագործման պատճառով, որոնք ապահովում են օդի զովացումը բնակելի ու աշխատանքային հարկաբաժիններում:
Մետեովտանգի «կարմիր» մակարդակի սահմանումը նշանակում է, որ ամառային տապը, որն այժմ ուղեկցվում է բացառիկ բարձր խոնավությամբ եւ սաստիկ տոթով, իրական սպառնալիք է առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց համար: Իտալիայի տարբեր տարածաշրջաններից տեղեկություններ են ստացվում քաղաքացիների ջերմահարման բազմաթիվ դեպքերի մասին, որոնց հարկ է եղել շտապ բուժօգնություն ցուցաբերել: Անոմալ շոգի պատճառով մարդիկ հաճախ կորցնում են գիտակցությունը, շատերը, հատկապես տարեց քաղաքացիները, հոսպիտալացվել են սաստիկ գլխացավով, սրտխառնոցով եւ բարձր ջերմությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոսբտին: