Մեյը կկրճատի արձակուրդը Մակրոնի հետ Brexit-ի շուրջը բանակցելու համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կկրճատի իր ամառային արձակուրդը, որպեսզի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին փորձի համոզել մեղմացնելու Brexit-ի նկատմամբ իր դիրքորոշումը: Օգոստոսի 1-ին այս մասին հաղորդել է The Times թերթը:
Հրատարակության տվյալներով՝ երկու ղեկավարների՝ օգոստոսի 3-ին նշանակված հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետը Մակրոնին կխնդրի պաշտպանել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո անվտանգության ոլորտում համագործակցությունը շարունակելու գաղափարը:
Մեյը նաեւ կփորձի կանխավ ապահովել երաշխիքներ, որ Ֆրանսիայի ղեկավարը Միացյալ Թագավորությանն կօգնի համապարփակ առեւտրական գործարքի հասնելու Լոնդոնի Սիթիի համար, որի կնքմանը խոչընդոտում է Brexit-ի շուրջը Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն: Մակրոնի հետ հանդիպումը, շրջանցելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին, Եվրոպայի ազգային ղեկավարների հետ ուղղակիորեն փոխգործակցելու Մեյի ռազմավարության բաղկացուցիչ մասն է, նշել է Times-ը:
Բանն այն է, որ Բրյուսելը կոշտ դիրք է բռնել Brexit-ի շուրջը հուլիսին ներկայացված պլանի նկատմամբ, որի համաձայն՝ Մեծ Բրիտանիան առաջարկում է ազատ առեւտրի գոտի ստեղծել ԵՄ-ի հետ՝ դրան անդամակցությունը դադարեցնելուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: