«Հիմա ի՞նչ հերոսի կերպար է հասարակությանը մատուցում այս իշխանությունը». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ընդհանրապես, Երևան քաղաքի ղեկավարը գրեթե հավասար է վարչապետին, այն առումով, որ Երևանում է կենտրոնացած բնակչության հիմնական հատվածը, որը որոշիչ նշանակություն ունի ցանկացած ընտրական գործընթացում: Ասել է՝ եթե Հայկ Մարությանն ընտրվի, նրա լծակները շատ էական են լինելու Նիկոլ Փաշինյանի կառավարության համար:

Այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, ընտրել է իրեն ամենահավատարիմ, ամենագաղափարակից մարդուն, որպեսզի քաղաքական հնարավոր վայրիվերումների ժամանակ Երևանն իրենց հսկողության տիրույթում լինի:

Հիշենք Տարոն Մարգարյանի տևական համառ պայքարը, այն դեպքում, երբ ՀՀԿ-ն արդեն հեռացել էր իշխանությունից: Հարց է ծագում՝ ինչո՞ւ են այս թեկնածուի պաշտպաններն անընդհատ հիշեցնում` բա գիտե՞ք, ինչքան վատն էին նախորդները, բա գիտեք Տարոն Մարգարյանն ավելի լա՞վն էր:

Ի դեպ, այս միտումն առկա է գրեթե բոլոր կադրային նշանակումների դեպքում: Երբ քննադատություն է հնչում նրանց հասցեին, անմիջապես օրինակ են բերում նախկիններին, համեմատում նախորդների հետ:

Սա և՛ զավեշտալի է, և՛ անտրամաբանական: Եթե այդքան լավը լինեին, դուք իշխանափոխություն չէիք անի, հետո էլ, դուք եկել եք նոր որակ ու նոր բարքեր բերելու, ինչո՞ւ եք համեմատվում նախորդների հետ, դուք ինչո՞ւ եք ուզում նրանց հետ «չափվել»:

Ձեր խնդիրը նոր արժեհամակարգ, հասարակությանը նոր հերոսներ մատուցելն է: Այն ժամանակ իրավացիորեն ասում էին` այս իշխանությունը մերօրյա հերոսի կերպար է դարձրել լֆիկներին ու սաշիկներին, հիմա ի՞նչ հերոսի կերպար է հասարակությանը մատուցում այս իշխանությունը: Հայկոյի կերպարի հետ ոչ մի խնդիր չունենք, խոսքը այն պոպուլյար և օրինակելի դարձնելն է: Շատ է խոսվում նաև այն մասին, որ այս կամ այն զարգացած երկրում դերասանը պետական պաշտոն է զբաղեցրել, բայց ողջ խնդիրն այն է, որ մենք անգամ այդ դերասանությունն էլ կարգին չենք տեսել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս