«Ես ոչ մի հուշաքարի տեղադրմանը չեմ մասնակցել». Հայկ Խանումյանը՝ Ալլահվերդի Բաղիրովի հուշաքարի տեղադրման մասին

Արցախում աղմկահարույց լուրեր են շրջանառվում, որ Ակնայում (Աղդամ) տեղադրվել է Ադրբեջանի ազգային հերոս Ալլահվերդի Բաղիրովի հուշաքարը։ Ըստ այդմ՝ նախաձեռնողն Արցախյան պատերազմի մասնակից է, իսկ հուշաքարի բացմանը ներկա է եղել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը։ Սակայն հուշաքարը երկար կյանք չի ունեցել, և արցախցի երիտասարդներն այն վերացրել են։

Հայկ Խանումյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե ինքը մասնակցել է Բաղիրովի հուշաքարի բացմանը։

«Ոչ, ես ոչ մի հուշաքարի, ոչ մի գերեզմանաքարի տեղադրմանը չեմ մասնակցել։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Ես մի քանի օրից այդ թեմայի շուրջ պարզաբանում եմ տալու, հիմա սպասում եմ, որ տարբեր տեղեկատվական հարձակումներն իրենց գագաթնակետին հասնեն, որպեսզի հասկանամ, թե ով է այդ ամենն իմ դեմ կատարում, որից հետո համապատասխան գնահատականը կտամ»,- ասաց Հ. Խանումյանը՝ հավելելով, որ գիտի՝ ով է կազմակերպիչը, և իր պատասխանը շատ դաժան կլինի։

Նա սուտ անվանեց լուրերը, թե հուշաքարն ինչ-որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում է տեղադրվել։ Պատգամավորը կոչ արեց ընդամենը 3 օր համբերել, և հստակ պարզաբանում կտա, կնշի անուններ։ Հ. Խանումյանի խոսքով՝ պետական ամբողջ համակարգն օգտագործվում է դրա համար։

Կարդացեք նաև

«Ո՞րն է նպատակը» հարցին պատգամավորը պատասխանեց, որ դա կապված է քաղաքական իրադարձությունների հետ. «Չէ՞ որ Բակո Սահակյանի հրաժարականն ենք պահանջում, նրան համեմատում ենք Իլհամ Ալիևի հետ, որովհետև նույն բաները, ինչ Իլհամն է արել Ադրբեջանում՝ Սահմանադրության փոփոխությամբ իշխանության երկարաձգում, Բակո Սահակյանն էլ արել է Արցախում, և հիմա փորձում է հայրենասեր ձևանալ։ Շուտով պատասխանը կստանա՝ անուն առ անուն, դեպք առ դեպք»։

Հ.Խանումյանը նկատեց, որ Բաղիրովի գերեզմանն Ակնայում կառուցվել է 1994 թ.՝ նրա հայ ընկերների կողմից, որոնք հայրենասեր, մեր հասարակությունում հարգված մարդիկ են. «Ալլահվերդու ֆուտբոլիստ ընկերներն են, իրենց մասին էլ կխոսեմ։ Եթե հետևեք, 2012 թվականից Ալլահվերդիի ու իր գործընկերների հարաբերությունների մասին մամուլում բազմաթիվ տեղեկություններ կան»։

Նշենք, որ Ալլահվերդի Բաղիրովն 1990-ին անդամակցել է Ադրբեջանի ժողովրդական ճակատինˋ ստանձնելով Աղդամի շրջանի պաշտպանությունը: Ադրբեջանական աղբյուրներում նշվում է, որ Խոջալուի դեպքերի ժամանակ Բաղիրովին հաջողվել է շատ մարդկանց կյանքեր փրկել: Զոհվել է 1992-ի հունիսի 12-ին: 1993-ին հետմահու արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման:

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, որի ընկերությունը ծագումով քուրդ Բաղիրովի հետ սկսվել էր նախքան պատերազմը, նրան որպես «լավ մարդ» է որակել, որի հետ ծանոթությունն ու շփումը, միանշանակ, օգուտ է բերել բոլորին՝ պատանդների փոխանակում են իրականացրել, ադրբեջանական բանտերից շատ մարդկանց են ազատել:

Տեսանյութեր

Լրահոս