Բաժիններ՝

Արցախում հրամանատարական հավաքներ են անցկացվել

Համաձայն ՊԲ-ի 2018թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի՝ ՊԲ միավորումների և կենտրոնական ենթակայության զորամասերի գումարտակների, ինչպես նաև հրետանային և ՀՕՊ դիվիզիոնների հրամանատարների ու նրանց տեղակալների հետ հուլիսի 23-27-ը անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնց նպատակն էր բարձրացնել վերոնշյալ օղակի սպաների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները:

Հավաքների մեկնարկին մասնակիցներին հանդիպել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ մասնակիցների ուշադրությունը հրավիրելով բոլոր այն հարցերի վրա, որոնք առնչվում են վերոնշյալ սպայակազմի առօրյա գործունեությանը, մարտի նախապատրաստման ու վարման, փաստաթղթեր մշակման, ստորաբաժանումների ղեկավարման և համակողմանի խնդիրներին: Հավաքի մասնակիցների հետ մարտավարական ու մասնագիտական տարբեր թեմաներով դասախոսություններ ու գործնական պարապմունքներ են անցկացրել նաև ՊԲ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչները՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրակային, ֆիզիկական և տեխնիկական պատրաստության առարկաներին:

Հավաքի մասնակիցները մարտավարամասնագիտական առարկաներից հանձնել են ստուգարքներ, որոնց հետևել ու անհրաժեշտ մեթոդական օգնություն են ցուցաբերել բանակի շտաբի համապատասխան բաժինների ու ծառայությունների պետերը:

Հավաքների ավարտին իրականացվել է արդյունքների ամփոփում, վեր են լուծվել 5-օրյա պարապմունքների ընթացքում իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները, անդրադարձ է կատարվել անցնող ուսումնական փուլի ընթացքում տեղ գտած թերացումներին ու բացթողումներին, որոնց վերաբերյալ ՊԲ հրամանատարությունը տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս