«Տեղի ունեցածը հարված էր մեր պետականությանը». «Ժառանգություն»
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
««Ժառանգություն» կուսակցությունը Նոր Հայաստանի իրավապահ մարմիններին կոչ է անում վերոնշյալ գործընթացի շարունակականությունն ապահովելու եւ երկրում օրինականության հիմքերն ամրացնելու համար բացել մեր պետականության եւս մեկ ամոթալի հանգրվանի` 2013թ. նախագահական ընտրական գործընթացի էջը, որի շրջանակում Սերժ Սարգսյանի վարչակարգը ակնհայտ ձայնագողությամբ փոխեց ընտրությունների արդյունքները՝ սեփական իշխանությունը եւս հինգ տարով երկարաձգելու համար: Դա ոտնձգություն է ՀՀ սահմանադրական կարգի նկատմամբ, քանի որ պետական ինստիտուտները ծառայեցվել են անհատի անօրինական իշխանությունը երկարացնելու համար:
Դեռեւս 2008-ին ապօրինաբար ձեւավորված` Սերժ Սարգսյանի իշխանությունը 2013 թվականին` որպես վատ սովորություն, կրկին հաշվի չնստեց սեփական ժողովրդի կամարտահայտության հետ՝ հենց ընտրական տեղամասում խեղդելով ազատ, իրավական երկրում ապրելու` ժողովրդի կամքն ու ցանկությունը:
2013 թվականի նախագահական ընտրությունները «Ժառանգություն» կուսակցության կամ որեւէ այլ քաղաքական ուժի հարցը չէ: Տեղի ունեցածը հարված էր մեր պետականությանը եւ մինչ օրս չի ստացել իրավական ու քաղաքական պատշաճ գնահատական:
«Ժառանգությունը» պատրաստակամ է օգնել մեր իրավապահ համակարգին` ընտրագողության հետ կապված խնդիրը համակողմանի դիտարկելու եւ ողջ ճշմարտությունը ջրի երես հանելու համար:
Այս եւ ամեն դեպքում բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ մեղադրյալների, սահմանադրական իրավունքի ամրագրումը հրամայական է»: