Ամերիկյան վերլուծաբանները տարբեր կերպ են գնահատում Փաշինյանի մոտեցումը ղարաբաղյան հարցում

Հայաստանի նոր կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան նախկին դիվանագետները տարբեր կերպ են գնահատել: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Ցանկացած նոր կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ վերջնական մոտեցումները շտկելու համար», – ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն հիշեցնում է՝ բանակցություններում ղարաբաղյան կողմի ներգրավման մասին Երեւանի մոտեցումը նոր չէ: Դեռեւս Քավանոյի համանախագահության տարիներին միջնորդները հանդիպումներ էին անցկացնում նաեւ Ստեփանակերտում:

«Զարմացած չեմ, որ բարձրացնում է այդ հարցը, համոզված չեմ, թե դա ինչի կբերի, սակայն, արմատական փոփոխություններ չէի սպասի»:

Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթն ընդհանրապես ղարաբաղյան կարգավորումը տեսնում է միայն Ադրբեջանի տարածքի շրջանակներում.

«Իմ համոզմամբ, էթնիկ հայկական բնակչության կարիքները կարելի է ապահովել այդ տարածքն Ադրբեջանի կազմում ճանաչելով»:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հերբսթը բացասական է գնահատում.

«Վարչապետն օգտագործեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը որպես գործիք՝ իր աջակցությունն ավելացնելու նպատակով»:

Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կազլարիչն այլ կարծիքի է: Առաջին հերթին անհրաժեշտ է բացառել խնդրի ռազմական լուծումը եւ այդ ուղղությամբ բոլոր քայլերը դրական են, նշում է նա.

«Կարծում եմ, մեզ անհրաժեշտ է առաջին հերթին մտահոգվել հակամարտության շրջանում զենքերի ավելացման, ռազմական հռետորաբանությամբ, որն առաջին հերթին հնչում է Ադրբեջանից, սակայն, երբեմն նաեւ Հայաստանից: Անհրաժեշտ է ամեն կերպ բացառել չնախատեսված հետեւանքներով հնարավոր բախումները»:

Ռիչարդ Կազլարիչի կարծիքով, այս պայմաններում դրական է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան ղարաբաղյան խնդրի շուրջ տարաձայնություններ չունեն եւ համամիտ են խաղաղության պահպանման հետ: Այդ կարծիքը կիսում է նաեւ դեսպան Քավանոն, ում համոզմամբ ղարաբաղյան խնդիրն այն եզակի հարցերից է, որոնց շուրջ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կարող են համագործակցել: Միեւնույն ժամանակն, դեսպան Քավանոյի խոսքով, Թրամփ-Պուտին հանդիպման շուրջ ստեղծված տարաձայնությունների պայմաններում կարելի է դրական համարել, որ ղարաբաղյան խնդիրը չի գտնվում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարների օրակարգում:

Տեսանյութեր

Լրահոս