Վիետնամում 27 մարդ է զոհվել թայֆունի առաջացրած հեղեղումների և տեղատարափների պատճառով. «Սինհուա»
Վիետնամում «Շոն Տին» թայֆունի առաջացրած հեղեղումներն ու տեղատարափ անձրեւները հանգեցրել են մարդկային զոհերի: Այս պահին հայտնի է 27 զոհվածների, յոթ անհայտ կորածների եւ 26 տուժածների մասին: Հուլիսի 24-ին այս մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Վիետնամի Տարերային աղետների կանխման կենտրոնական կոմիտեն: Թայֆունը հուլիսի 18-ին մոլեգնել է Վիետնամի ափամերձ շրջաններում:
Այն բերել է սաստիկ տեղատարափ անձրեւներ, որոնք հեղեղումներ եւ սողանքներ են առաջացրել, որոնցից տուժել են երկրի հյուսիսային եւ կենտրոնական շատ նահանգներ:
Կենտրոնական կոմիտեի տվյալներով՝ տարերքի պատճառով լիովին քանդվել է 243 տուն, սատկել է 6500 գլուխ անասուն եւ ջրի տակ են անցել ավելի քան 81 հազար հեկտար բրնձի դաշտեր:
Վիետնամի օդերեւութաբանական ծառայության տեղեկատվությամբ՝ տեղատարափ անձրեւներն ու փոթորկահույզ քամին հյուսիսային նահանգներում չեն դադարի հուլիսի 24-ին եւ 25-ին: Այժմ թայֆունները մոլեգնում են Վիետնամին հարեւան երկրների տարածքում: Չինաստանի իշխանություններն «Ամպիլ» թայֆունի պատճառով տարահանել են 400 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` REUTERS / Kham