«Առավելագույնը, ինչի նա հասել էր, Հայաստանի պետական ընկալման նվազեցումն էր, ինչից անպայման հերթական անգամ կօգտվի Ադրբեջանը». Արեգ Գալստյանը՝ Արարատ Միրզոյանի մասին
The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իմ կողմից շատ հարգված Արթուր Մարտիրոսյանը (Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյան) ժողովրդի ծառա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին ճիշտ ու տեղին հարցեր է տալիս, և ես նույնպես կուզենայի լսել դրանց պատասխանները: Սակայն բացի ֆինանսական բնույթի հաշվետվությունից, ես` որպես ամերիկագետ, կցանկանայի ուշադրություն դարձնել բովանդակային բնույթի մի շարք ծայրահեղ անթույլատրելի բաների վրա:
Առաջին`
Նա չանցկացրեց բարձր մակարդակի ոչ մի լուրջ հանդիպում: Մայք Պոմպեոյի մակարդակի բարձր նշաձողը, ում հետ ավելի վաղ հանդիպում էր անցկացրել նախագահ Արմեն Սարգսյանը, նա իջեցրեց մինչև արտաքին քաղաքականության համար պատասխանատվություն չկրող Ստորին պալատի միջին օղակի կոնգրեսականների մակարդակ: Ինչո՞ւ ամերիկյան կողմից հայկական պետության ընկալումն իջեցնել մինչև կոնգրեսականներ: Խոսելու բան չկա՞ր Մայք Փենսի հետ: Ուրեմն ինչո՞ւ են հարկատուների փողերը վատնել պետականության տեսակետից անօգուտ այցի վրա:
Երկրորդ`
Արտաքին քաղաքականության վրա ոչ մի ազդեցություն չունեցող կոնգրեսականների հանդիպման ժամանակ ժողովրդի ծառան հրապարակ նետեց շատ հետաքրքիր առաջարկություն`կապված ԱՄՆ նախագահ Թրամփի ու Փաշինյանի`ՄԱԿ-ի տիրույթներում հանդիպման անհրաժեշտության հետ: Դրա մեջ ի՞նչ վատ բան կա:
Պատասխանեմ`
ա. Օրենսդիր համակարգի նկատմամբ վիրավորանք, քանի որ կոնգրեսականները նախագահի քարտուղարները չեն, և նրանք չեն կազմակերպում վերջինիս հետ հանդիպումները:
Կոնգրեսն իշխանության ճյուղ է, որը կախում չունի գործադիր իշխանությունից, իսկ նրա անդամները հաշվետու են ոչ թե նախագահի, այլ շրջաններում ու նահանգներում իրենց ընտրողների առջև: Վերցրեք ԱՄՆ սահմանադրությունը, որպեսզի գոնե փոքր-ինչ պատկերացում ունենաք այն մասին, թե ինչ է ամերիկյան պետությունը, և ինչպես են այնտեղ ընդունվում քաղաքական որոշումները:
բ. Դեմոկրատական կուսակցությանը հասցված վիրավորանքը:
Կենտրոնում նստած էր հայկական շահառուի վաղեմի լոբբիստ Ֆրենք Փելոունը, որը ոչ թե պարզապես Թրամփի կուսակցական հակառակորդն է, այլև նրա անձնական թշնամին: Ես տեսա, թե ինչպիսի անհասկացվածությամբ նա ընդունեց ժողովրդի ծառայի խոսքը, որի ավարտից հետո պարզապես լայն ժպտաց:
Դե, իհարկե, դեմոկրատի հետ խոսել հանրապետական նախագահ Թրամփի ու Փաշինյանի հանդիպման կարևորության ու անհրաժեշտության մասին «բարձրագույն քաղաքական թռիչք է»:
գ. ՄԱԿ-ի շրջանակներում`
Հարգելի ժողովրդի ծառա, ՄԱԿ-ի շրջանակներում Թրամփին յուրաքանչյուրը կարող է տեսնել, դրա համար մեծ ջանքեր պետք չեն, և առավել ևս դրա մասին պետք չէ խոսել կոնգրեսականների հետ, որոնք այդ կազմակերպությանը ոչ մի ինստիտուցիոնալ առնչություն չունեն: Դուք ավելի լավ է Նահանգներ քաղաքական օրակարգ տանեիք, որպեսզի այն քննարկեիք փոխնախագահի հետ, և իրական աշխատանքի հիման վրա նախապատրաստեիք վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Սպիտակ տուն:
Բարդ սխեմա եք ընտրել`Վաշինգտոնում փորձելով հանդիպում կորզել Նյու-Յորքում ՄԱԿ-ի թանձրուքի ներքո:
Եվ, այո, կարծես թե Հայաստանը ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ ունի, ով լիազորված է զբաղվել նմանատիպ հարցերով:
Երեկ ես խոսել եմ Ամերիկայում իմ գործընկերների և մի շատ մտերիմ ընկերոջ հետ, ով ԱՄՆ Սենատում ազդեցիկ հանրապետական գործչի աջ ձեռքն է հանդիսանում:
Ոչ ոք այդպես էլ չէր հասկացել ոչ այցի էությունը, ոչ էլ օրակարգի բովանդակությունը: Առավելագույնը, ինչի նա հասել էր, Հայաստանի պետական ընկալման նվազեցումն էր, ինչից անպայման հերթական անգամ կօգտվի Ադրբեջանը: Նրանց արտաքին գործերի նախարար Մամեդյարովն արդեն հանդիպումներ է անցկացրել պետքարտուղար Պոմպեոյի, պաշտպանության նախարար Մեթիսի ու նախագահի խորհրդական Ֆիոնա Հիլի հետ:
Սեպտեմբերին սպասվում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու նախագահ Ալիևի աշխատանքային այցերը ԱՄՆ»:
Պատրաստեց 168.am-ը